
«Նոր ալիք»-ում մեկնարկել են նախամրցութային օրերը. մրցույթի 13 մասնակիցները, այդ թվում Հայաստանը ներկայացնող Սուրեն Պողոսյանը, արդեն Կազան քաղաքում են, որտեղ օգոստոսի 21-ից 26-ը մեկնարկելու են մրցութային օրերը:
«Նախամրցութային օրերը շատ խիտ են, ամեն օր՝ առավոտյան ժամը 09:00-ից մինչև երեկոյան 11:00-ն՝ ամբողջ օրը փորձեր, բեմադրական աշխատանքներ, աշխատանք դիզայներների հետ հագուստի շուրջ, ոճաբանների հետ քննարկումներ, երգերի փորձեր: Երգերն արդեն ընտրված են, բայց դեռ չեմ կարող մանրամասն խոսել բոլորի շուրջ: Միայն կասեմ, որ մրցութային առաջին օրը երգելու եմ հայտնի ռուսական երգի «քավր» տարբերակ, որը երգում է հայազգի կատարող, երկրորդ և երրորդ օրերին ներկայացնելու եմ իմ ռեպերտուարից բոլորովին նոր երգեր՝ գրված հատուկ «Նոր ալիքի» համար: Դրանցից մեկից փոքրիկ հրապարակում արդեն արել եմ, կոչվում է «Ընկեր իմ». երգի հեղինակը Էվա Ոսկանյանն է: Հաջորդ երգը կոչվում է Bang-Bang, այն անգլալեզու է, հեղինակները շվեդ երգահաններ են»,-մանրամասնեց երգիչը:
Սուրենը նախկինում էլ ունեցել է մրցութային փորձեր. մասնակցել է մի շարք մրցույթների ազգային փուլերին՝ հասնելով մինչև եզրափակիչ, բայց Հայաստանն առաջին անգամ է ներկայացնում նման մեծամասշտաբ հարթակում:
«Իհարկե, շատ պատասխանատու է, փորձում եմ հավաքել ինձ, ուժերս և հնարավորություններս, որ մեր երկիրն ամբողջությամբ լավագույն ձևով ներկայացնեմ»,-ասում է արտիստը, որը կիսվեց նաև մյուս մասնակիցներից իր տպավորություններով.
«Մասնակիցների հետ արդեն ծանոթացել եմ, բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, շատ լավ երիտասարդներ են, և մեզ միավորում է այն, որ բոլորս էլ սիրում ենք երաժշտությունը: Դեռ չեմ առանձնացնի մեկին, ում հետ ավելի շատ եմ մտերմացել, քանի որ մի քանիսը կան, իսկ ինչ վերաբերում է մրցակցությանը՝ կան մասնակիցներ, որոնց, հատկապես, շատ ուժեղ եմ համարում. մեկը Ղազախստանի ներկայացուցիչն է, մյուսը Ռուսաստանի երգչուհիներից մեկն է…Շատ լավ մասնակիցներ կան, կարծում եմ՝ պատահական մարդ այստեղ չկա, որովհետև բոլոր 13 մասնակիցները մրցույթին հասել են 6000 մասնակիցներից. այստեղ ամեն ինչ արդեն կախված է հաջողությունից, այդ պահին լավ ներկայանալուց և մի շարք այլ գործոններից, բայց այն, որ բոլորն էլ լավն են ու արժանի, դա փաստ է»:
Մրցույթի բացումը տեղի է ունենալու օգոստոսի 21-ին. մրցութային օրերն են՝ օգոստոսի 22-ը, 23-ը և 24-ը:
«Փորձել ենք այնպես անել, որ 3 ելույթներս էլ միմյանցից տարբերվեն՝ և ոճային առումով, և տրամադրության, որովհետեև կարծում եմ՝ արտիստի համար շատ կարևոր է բազնապրոֆիլ լինելը»,-հավելեց երգիչը: