
Զվարճալի ու հուզիչ դրվագներով «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Երեկ երեկոյան՝ «Կինոմոսկվա»-ում, ստեղծագործական թիմի ու դերասանական կազմի մասնակցությամբ կայացավ ֆիլմի պրեմիերան:
Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, կարմիր գորգի արարողությանն ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները:
«Ֆիլմի առաջին մասը բոլորս շատ էինք սիրել և անհամբեր սպասում էինք, թե երբ կկարողանանք իրականացնել նաև 2-րդը»,- ֆիլմի պրեմիերայից առաջ Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Մկրտիչ Արզումանյանն, ով ֆիլմում մարմնավորում է Դոնի Կիխոտին:
«Կերպարս շատ եմ սիրում: Դոն Կիխոտն ինձ համար որպես կերպար միշտ հետաքրքիր է եղել: Խորը և դրամատիկ կերպար է, սակայն այս նախագծում որոշեցինք մի փոքր այլ մոտեցում ցուցաբերել կերպարին:
Կարծում եմ, որ շատ ճկուն կերպար է ստացվել: Մեծ սպասումներ ունեմ, որ հանդիսատեսին դուր կգա և ֆիլմը երկար կյանք կունենա»,- նշեց դերասանը: Նրա խոսքով՝ ֆիլմը կարևոր ասելիք ունի, այն բազմաթիվ արժեքների մասին է, որոնցից մեկն է սերը դեպի գրքեր:
Ֆիլմի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանն էլ ընդգծեց՝ ֆիլմի հիմնական ուղերձը չհանձնվելն է: «Մեր խնդիրները մենք պետք է լուծենք, ոչ ոքի վրա հույս դնել չի կարելի:
Ֆիլմի 2-րդ մասում նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում:Դպրոցի գրադարանավար Վաչիկն ինչ-որ հրաշքով անհետանում է, ու նրա փոխարեն մեր աշխարհում է հայտնվում Դոն Կիխոտը։ Այդ ամենի միակ ականատեսը տասներկուամյա Հայկն է, ով այժմ պետք է բացահայտի այդ տեղափոխության գաղտնիքը, հասկանա, թե ինչ առեղծվածային գիրք է հանձնել իրեն Վաչիկն անհետանալուց առաջ ու, թե ինչու է դպրոցի նորանշանակ տնօրեն Կոգովյանն ամեն գնով փորձում գտնել Վաչիկին ու նրա առեղծվածային գիրքը։
Մկրտիչ Արզումանյանի խոսքով՝ նկարահանումներն անցել են բավական դաժան պայմաններում:
«Ինչպես միշտ ես ամռան ամենաշոգ օրերին եմ նկարահանվում՝ գրիմով ու տաք հագուստով: Բարդ է, բայց, երբ նկարահանման հրապարակում քեզ լավ ես զգում, քո կողմից հարստացնում ես արդեն իսկ հետաքրքիր գրված սցենարը, այդ ամենը ոգևորում է և դժվարությունները 2-րդ պլան են մղվում»,- պատմեց դերասանը: