
Թեպետ իշխանության գալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բոլորիս վստահեցնում էին, որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, այնուամենայնիվ նախորդ 7 տարիներին հակառակում համոզվեցինք։
Իրավական ակտերի նախագծերի hրապարակման միասնական կայքում e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար։
Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15․000 դրամի չափով: Եթե քաղաքացիները հնարամիտ գտնվեն և օրինակ երթևեկեն արտոնություն ունեցող անձի փոխարեն, ապա միևնույնն է կրկին կտուգանվեն, բայց արդեն 18․000 հազար դրամով։
Տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրում, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացման համար:
Հսկողություն իրականացնող անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու են դիմել և ստանալ ոստիկանության աջակցությունը՝ նույնացման գործընթացին խոչընդոտող ուղևորների նույնացում կատարելու, ինչպես նաև՝ տեղական վճարը չվճարած կամ ուղևորության կանոնները այլ կերպ խախտող անձանց հետագա երթևեկությունը դադարեցնելու համար:
Հավելենք նաև, որ հիշյալ նախագծերն օրենք դառնալու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։