Նոր աշխարհակարգի հաստատման համար աշխարհի բոլոր ազգերն ու երկրները ստիպված են ինչ-որ գին վճարել։ Հայերը այդ գինը վճարեցին ցեղասպանության ենթարկվելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում, այնուհետև նացիզմի դեմ պայքարում՝ ավելի քան 300.000 զինվորների կյանքով, ԵԽԽՎ լիագումար նիստին այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մենք շատ թանկ գին ենք վճարել նաև նոր ձևավորվելիք աշխարհակարգի համար, երբ 2020 թվականին առերեսվեցինք ադրբեջանական հերթական ագրեսիային, իսկ հետո արդեն էթնիկ զտման Լեռնային Ղարաբաղում: Սա չափազանց թանկ գին է մեր ազգի համար։
Մեզանից բոլորն այստեղ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են, և մենք քաջատեղյակ ենք, որ օրենքի առանցքը, կենտրոնը մարդիկ են, մարդ արարածը, ով հավատում է այդ օրենքի ուժին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հավատում էր միջազգային իրավունքի ուժին, բայց, ցավոք, Հայաստանի ներկա իշխանությունն ու աշխարհը խաբեցին ու դավաճանեցին՝ թողնելով մեն-մենակ բռնակալների դեմ պայքարում»,- նշել է Մամիջանյանը։