Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա դստերը դաժանաբար ծեծած բռնարարը հրաժարվել է նմուշ տրամադրել փորձաքննության համար

Armtimes.com-ը գրում է.
Գյումրիում 43-ամյա կնոջ եւ նրա 12-ամյա դստեր նկատմամբ դաժան բռնություն գործադրած երիտասարդը հրաժարվել է նմուշ տրամադրել իր արյան մեջ ալկոհոլի առկայությունը ստուգելու համար: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն առ այն, թե ինչ է նախատեսվում անել նման իրավիճակում, երբ փաստորեն անձը հրաժարվում է դատաբժշկական փորձաքննության համար նմուշ տրամադրել, այս պահին չկա:

Իսկ բռնության ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանի հաղորդմամբ, այսօր առավոտյան գիտակցության թեթեւ ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Թեպետ նա երեկվանից շնչում է ինքնուրույն, վիճակը դեռ ծանր է. բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար:

Խնդիրն այսօրինակ բռնության, որի հետեւանքով մահացել էր գյումրեցի կինը եւ բազմաթիվ վնասվածքներով դեռ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է 12-ամյա աղջիկը, այսօր քննարկեցին պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ: Նրանք կարեւորեցին խնդրի նկատմամբ հանրային ուշադրությունը, միջանձնային հարաբերություններում բռնության անթույլատրելիության մասին հանրային պատկերացումների ձեւավորումն ու ամրապնդումը:

Պատգամավորները նշեցին, որ ընտանեկան բռնության մասին պիտի ահազանգեն ոչ միայն ընտանիքի անդամները, այլեւ հարեւան-բարեկամները, մտերիմները, բռնության մասին վկայող հետքերը պիտի արձանագրեն կրթական հաստատությունները, սոցիալական աշխատողները, ոստիկանությունը, պետական բոլոր համակարգերը պիտի համապատասխան ծրագրերով ձգտեն կանխարգելել բռնությունը: Մեր հանրության հետ այդ առումով բավական մեծ աշխատանք պիտի տարվի:

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը նշեց, որ մինչ բռնության ենթարկված կնոջ ու աղջկա հարեւաններն ասել են, որ երեխան ու կինը մշտապես կապտուկներով են եղել, դպրոցում նշել են, որ երեխան երբեք չի եղել բռնության հետքերով, նկարել է շատ պայծառ նկարներ, ինչը, նրանց դիտարկմամբ, վկայում էր, որ երեխան չի եղել ընկճված: Նրա խոսքով՝ իրենց կազմակերպության հարցումները ցույց են տալիս, որ մեր հանրության միայն 0.8 տոկոսն է պատրաստ դիմել ոստիկանություն, եթե ականատես է լինում ընտանեկան բռնության:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը եւս փաստեց, որ կնոջ նկատմամբ բռնության մասին մեր քաղաքացիները դժվարանում են խոսել. «Քաղաքացիներ կան, որ հենց ինձ են զանգում, խնդրում, որ առանց իրենց անունն ասելու որոշակի հասցե այցելենք»: Սակայն, ըստ նրա, երբեմն էլ նշված հասցեում հենց զոհն է հերքում, որ իր նկատմամբ բռնություն է եղել:

«Միջազգային վիճակագրությունը փաստում է, որ կինը միջինում ինն անգամ դիմանում է, ոստիկանություն դիմում միայն տասներորդ անգամ: Պիտի հասարակական մոտեցումը փոխվի. հարեւան-բարեկամները պիտի անտարբեր չլինեն, նմանատիպ խնդիրներ նկատելու, ձայներ լսելու դեպքում դիմեն ոչ միայն ոստիկանությանն, այլեւ՝ հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին: Եվ կարեւոր է, որ ինքը՝ զոհը, խոսի բռնության մասին»,- ասաց նա:

Դուրյանն ընդգծեց, որ հիմա Ոստիկանությունում բավական խիստ է դիտարկվում ահազանգերին պատշաճ ընթացք տալու հարցը. «Փոքր գյուղ-քաղաքում համայնքային ոստիկանները կարող են եւ մտերմանալ ոմանց հետ ու դժվարանալ մտնել նրանց տները. եթե նման դեպք լինի, ոստիկանն է պատասխանատու. եթե լինում է ահազանգ, նա պիտի մտնի այդ տուն, եթե տանը տեսնում է բռնություն, չի կարող չվերցնել հաշվառման. եւ այս օրենքի («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքոմ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի) գործարկումից հետո մենք ունենք 2000 հաշվառված անձ»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ ամենաէականն անձի՝ տվյալ դեպքում կնոջ պատկերացումն է, որ տղամարդը կարող է ձեռք բարձրացնել իր վրա. «Ես ունեմ մտերիմներ, որ ասում են՝ տղամարդը մի հատ էլ կարող է խփի»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանը նշեց, որ այս պարագայում, երբ ընտանիքի ներսում հակասությունները վերաճում են ողբերգության, պիտի ունենանք հասարակական կոնսենսուս, որ դա միայն ներընտանեկան խնդիր չէ, եւ պետությունը պիտի այդ խնդիրներին միջամտի: «Պետությունը պատասխանատու է մարդու՝ նաեւ ընտանիքում ֆիզիկական ու հոգեբանական անվտանգության համար»,- ասաց նա:

Մյուս էական խնդիրը, որ նշեցին քննարկման մասնակիցները, լրատամիջոցներում եւ սոցիալական ցանցերում դեպքերի լուսաբանման ձեւն է: «Եթե մենք շարունակենք բռնության ենթարկվածների ընտանեկան կյանքը դարձնել մաստակ ու ծամել, բռնության ենթարկվածները, դրա մասին այս պահին խոսողները կարող է եւ մտածեն, որ ավելի մեծ հարված է հասցվելու իրենց: Դատապարտելի է, որ սոցիալական մեդիայում իրենց հեղինակավոր կարծիքը հայտնողները կարող են ոչ թե դեպքը քննարկել, այլ՝ այդ կնոջ անձնական կյանքը, մեդիան էլ կարող է հրապարակել երեխայի անձնական տվյալները՝ անուն-ազգանունը: Շատ կարեւոր է այս առումով, որ ոստիկանությունն աշխատի օրենսդրի հետ, որ իրավակիրառ պրակտիկայում օրենքն իսկապես պաշտպանի մարդկանց շահերը: Երբ երեխան սոցիալական ցանցերում տեսնի, թե ինչեր են խոսում իր մասին, իր մոր մասին, ի՞նչ վիճակում է հայտնվելու. այդ մասին պիտի մտածեն գրելիս»,- նշեց Անի Սամսոնյանը:

Նելլի Դուրյանի խոսքով՝ բավական բարդ է գտնել լուսաբանման այն ձեւը, որով եւ՛ խնդիրը կբարձրաձայնվի, եւ՛ մարդուն վնաս չի հասցվի, «քանի որ փոքր համայնքներում անմիջապես հաշվարկում են, թե ում մասին է խոսքը, թիրախավորում են, խոսում-քննարկում»:

Անդրադառնալով առողջական՝ դեռ բավական ծանր վիճակում գտնվող անչափահասի խնամքի խնդրին՝ Աիդա Մուրադյանը նշեց, որ այս պահին կան անձինք, որ երեխայի կարգավիճակը հստակեցնելուց հետո պատրաստակամ են ստանձնել նրա խնամակալությունը: «Երեխան, փառք Աստծո, արթնացել է, քիչ-քիչ կվերադառնա իր բնականոն կյանքին, երկար վերականգնողական շրջան պիտի անցնի, բայց կարեւոր է, որ մեր քննադատական վերաբերմունքով կրկնազոհության չհանգեցնենք»,- ընդգծեց նա:

Թե ով կլինի 12-ամյա աղջկա խնամակալը, կորոշվի վաղը. այս մասին մեզ հետ զրույցում նշեց Գյումրիի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը: «Վաղը կլինի Գյումրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քննարկումը, հանձնաժողովը կորոշի»,- ասաց նա: Գորգինյանը հաղորդեց, որ երեխայի խնամակալությունը ստանձնելու համար Գյումրիի մարզպետարանը բազմաթիվ դիմումներ է ստացել: «Դիմել են աղջկա դպրոցի մանկավարժներից, տնօրենը, մարզպետարանի բաժնից, ես. բոլորս ցանկություն ենք հայտնել, պատրաստ ենք ստանձնել երեխայի խնամակալությունը: Վաղն առավոտյան հանձնաժողովը կքննարկի այս հարցը, կուսումնասիրենք բոլոր թեկնածուների փաստարկները, ամենահարմար տարբերակը կընտրվի երեխայի համար՝ անպայման հաշվի առնելով երեխայի լավագույն շահը»,- ասաց Գորգինյանը:

Դիմե՞լ է խնամակալության համար եղբայրը կամ այլ հարազատ՝ հարցին ի պատասխան Գորգինյանը նշեց. «Եղբայրը չի կարող դիմել, քանի որ դեռ անչափահաս է, չափահաս կդառնա աշնանը: Եղբոր տարբերակն այս պահին չի դիտարկվում: Այլ հարազատից դիմում չունենք»:

Եթե երեխան ինչ-որ պատճառով հանաձայն չլինի որոշմանը, ըստ Լիլիթ Գորգինյանի, որոշումը կարող է վերանայվել: «Խնամակալությունը վերջնական դատավճիռ չէ, եթե վաղը-մյուս օրը երեխան ցանկություն կհայտնի, որ իր խնամակալը չլինի որոշակի անձ, խնամակալը փոխվի, նրա կարծիքն անպայման հաշվի կառնվի»:

Հիշեցնենք, որ Գյումրիի Պռոշյան 14 հասցեում մարտի 5-ին հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նշված տանը ոստիկանությունը հայտնաբերել էր 43-ամյա կնոջ՝ Մարինե Խ-ի դին՝ ակնհայտ բռնության հետքերով: Նույն տնից տրավմային շոկով եւ գանգուղեղային փակ վնասվածքով Ավստրիական մանկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված աղջիկ: Ըստ ՇՄ դատախազության տեղեկատվության՝ երեխային մարմնական վնասվածքներ հասցրած անձը եղել է անչափահասի մոր զուգընկերը:

Դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին եւ 14-րդ կետի հատկանիշներով:

Պաշտոնական տվյալներով՝ Քննչական կոմիտեում ընտանեկան բռնությունների հետ կապված քննվող գործերի թիվը տարեցտարի ավելանում է։ 2019թ. ընթացքում ՔԿ վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ. գործերի գերակշռող մասի՝ 338-ի հիմքում եղել է ծեծը։ Համեմատության համար նշենք, որ 2018-ին ՔԿ վարույթում եղել է նման 519 քրեական գործ:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակը՝ հիմա
Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն արձագանքել է տարածված լուրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաշերտ ոստիկանական «պատ»՝ Կառավարության շենքի դիմաց
Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում պահակը գտել է 5 օրական երեխայի
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը․ Մշակույթի նախկին նախարար
ՖՈՏՈ․ Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին․ վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիք է բացվել
Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ