Հարսանիք և շուկա են ռմբակոծել Մյանմարում․ զոհերի թիվը հասել է 50-ի

Մյանմարում հանգստյան օրերին զինվորականների հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է մոտ 50-ի, կիրակի օրը AFP գործակալությանը հայտնել են ականատեսներն ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ճշտելով հարսանեկան արարողության անցկացման վայրի և շուկայի վրա հարձակումների հետևանքները։

Երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մո Բյե շրջանում շաբաթ օրը հարսանիքի անցկացման վայրին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 21 մարդ, հայտնել է տեղական մարդասիրական կազմակերպության ղեկավարը։ Մեկ այլ ականատես զոհերի ավելի փոքր թիվ է նշել՝ 17 մարդ։

Եվս 29 մարդ է զոհվել Ռաքհայն նահանգի Մրաուկ Ու քաղաքում։ Հուղարկավորություններ կազմակերպող կառույցի ղեկավար Հլա Մաունգ Ուի տվյալներով, շաբաթ օրը ցերեկը շուկային հասցված հարվածի զոհ է դարձել տասը մարդ, իսկ երեկոյան նույն շրջանում զոհվել է ևս 19 մարդ։ Նա զինվորականներին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա միտումնավոր հարձակման մեջ։ Զինվորականներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Ռմբակոծությունների հետևանքով Մրաուկ Ուում ավերվել են փայտե և աղյուսե շինություններ, ամենուր այրված բեկորներ էին ընկած։ Հարազատները սգում էին զոհերին, որոնց մարմինները ծածկված էին սպիտակ սավաններով ու կանաչ բրեզենտներով։

25-ամյա Քյավթ Այ Սեյնը պատմել է, որ հարվածներից մեկի ժամանակ զոհվել է իր ամուսինը։ Կինը որդու հետ փախել էր տնից՝ փրկվելով ռմբակոծությունից։ Նրա վկայությամբ, ռումբերից մեկը դիպել է մի տան, որտեղ վեց հոգուց բաղկացած ընտանիք էր գտնվում, և բոլորը տեղում զոհվել են։ Կինն ու երեխան գիշերն անցկացրել են բաց դաշտում՝ շրջանի մյուս բնակիչների հետ։

Այս հարձակումներին նախորդել էր հինգշաբթի օրը Մագուե շրջանում դպրոցի և վանքի վրա հասցված հարվածը։ Վտարանդիության մեջ գործող՝ Մյանմարի ինքնահռչակ Ազգային միասնության կառավարության տվյալներով, այն ժամանակ զոհվել էին 20 խաղաղ բնակիչ և հակապատերազմական Ժողովրդական պաշտպանության ուժերի ինը անդամ։

Մյանմարում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2021 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, որի հետևանքով տապալվեց Աուն Սան Սու Չժիի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը։ ACLED մշտադիտարկող կազմակերպության գնահատմամբ, այդ ժամանակից ի վեր հակամարտությունը խլել է ավելի քան 100 հազար կյանք։ Նոր ավիահարվածները տեղի են ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր ճանաչեց 2017 թվականին Ռաքհայն նահանգում ռազմական գործողության ընթացքում ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։

Latest

Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն մուլտֆիլմ-մյուզիքլի ուղեկցությամբ
5 հաղթանակ և չեմպիոնական տիտղոս․ Անի Ամիրաղյանի հաջողությունը Անթալիայում
Մահվան ելքով ավտովթար՝ Ալագյազ-Արթիկ ճանապարհին․ կան մանրամասներ
Հարսանիք և շուկա են ռմբակոծել Մյանմարում․ զոհերի թիվը հասել է 50-ի
Լազերային զենքի փոխարեն՝ խնայողությո՞ւն․ Բրիտանիան կիսով չափ կրճատել է պատվերը
Ամանորյա հանգստյան օրերի ժամանակացույցը․ ինչ պետք է իմանալ
Նոր մեթոդը թույլ կտա լրատվամիջոցներին կանխատեսել ընթերցողների հետաքրքրությունները
Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնին
Ցիկլոնը ներթափանցում է Հայաստան․ սպասվում են տեղումներ և առատ ձյուն