Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման​

ԱՄՆ-ում կալիֆոռնիացի բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare պետական բժշկական ծրագրի շրջանակում ավելի քան 45 մլն դոլարի խարդախության համար, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։​

Հաղորդագրության համաձայն, նա վճարման հաշիվներ է ներկայացրել բոտոքսի ներարկումների համար, որոնք չեն կատարվել, բժշկական ցուցումներ չեն ունեցել կամ կատարվել են բացառապես կոսմետիկ նպատակներով։​

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, սա այս պահի դրությամբ բոտոքսի ներարկումների հետ կապված խոշորագույն խարդախությունն է։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, 45-ամյա Մայիլյանը Գլենդեյլ քաղաքում գտնվող Healthy Way Medical Center կլինիկայի սեփականատերն էր, որը գեղեցկության և կոսմետոլոգիայի ոլորտի ծառայություններ էր առաջարկում։ Medicare-ը փոխհատուցում է բոտոքսի ներարկումների ծախսերը, երբ դրանք անհրաժեշտ են քրոնիկ միգրենի բուժման համար և նշանակվել են համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում։ Սակայն բժիշկը վճարման հաշիվներ է ներկայացրել հազարավոր միջամտությունների համար, որոնք իրականում չեն կատարվել։ Ավելին՝ նա հայտարարել է ավելի քան 19 մլն դոլարի ծառայությունների մատուցման մասին այն օրերին, երբ կլինիկան փակ է եղել։​

Այլ դեպքերում Մայիլյանը Կալիֆոռնիայում կատարված միջամտությունների համար հաշիվներ է ձևակերպել՝ գտնվելով հանգստի Մեքսիկայում, Հավայան կղզիներում, Լաս Վեգասում և այլ վայրերում։ Օրերից մեկում, երբ նա հանգստանում էր Մեքսիկայի Կաբո քաղաքի լողափում, բժիշկը հայտարարել է ավելի քան 200 հազար դոլարի բժշկական ծառայությունների մատուցման մասին։ Երբ դաշնային քննիչները մոտեցել են սխեմայի բացահայտմանը, Մայիլյանը փորձել է թաքցնել խարդախությունը՝ կեղծելով բժշկական փաստաթղթերն ու պացիենտների ստորագրությունները։ Նրանց թվում եղել է մի տղամարդ, որը նշված ժամանակահատվածում գտնվել է դաշնային բանտում։ Ստացված գումարը բժիշկը ծախսել է շքեղության առարկաների, այդ թվում՝ 12 հազար դոլար արժողությամբ XVII դարի արբալետի, 3 հազար դոլարանոց կտավի, Tesla ավտոմեքենաների, ներառյալ Cybertruck-ի, ինչպես նաև Կալիֆոռնիայում անշարժ գույքի ձեռքբերման վրա։ 2026 թվականի մայիսին երդվյալ ատենակալների դատարանը Մայիլյանին մեղավոր է ճանաչել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով խարդախության ինը և առողջապահության ոլորտում հանցագործության քննությանը խոչընդոտելու երեք դրվագներով։​

Բացի 15 տարվա ազատազրկումից՝ դատարանը կարգադրել է բռնագրավել ավելի քան 16 մլն դոլար արժողությամբ գույքը և պարտավորեցրել դատապարտյալին Medicare-ին վճարել մոտ 32,9 մլն դոլար՝ որպես վնասի փոխհատուցում։ Գործը քննել են ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության գլխավոր տեսուչը։​

Latest

Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը
Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման​
Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար
Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել
Կյանքով լի տղա էր մեր Տիգրանը. մահացած հայտնաբերված զինծառայողը Սևանից էր
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման
Մինիվեն վատ ճանապարհների համար և էլեկտրական քրոսովեր՝ ամենագնաց անվադողերով. Toyota-ն կներկայացնի հինգ կոնցեպտ
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ