Ամիսներ առաջ, նախնական վարկածով, ինքնասպան էր եղել «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Մուրադյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշում է «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ՔՊ-ի «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանի անունները ու հայտարարում․ «Կանգնեցրեք նրանց, 7 ամիս է՝ դժոխքի մեջ ենք, շանտաժով բիզնես են խլում»։
«Վարչապետին անձամբ նամակ եմ գրել, հայտնել եմ, թե ինչեր են անում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ արձագանքել է իմ նամակին, որից հետո ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, և ես տուժող եմ ճանաչվել»։
Ըստ Արշավիր Հարությունյանի՝ անգամ հունիսի 7-ի ընտրություններից առաջ նա քարոզարշավի ժամանակ անձամբ տեսել է ՀՀ վարչապետին և հիշեցրել, որ իրեն նամակ է ուղարկել, իսկ գործին արդեն ընթացք է տրվել։
Սակայն, ինչպես նկատվում է, ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված եղել, և վարույթի շրջանակում հարցաքննվել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Այդուհանդերձ, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր-տնօրենին գտել են, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած։ Թե ով կամ ովքեր են նրան հասցրել այդ վիճակին, հուսանք՝ այս հարցի պատասխանը կտա նախաքննական մարմինը։
Արդյունքում՝ այսօր Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն. Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեություն) և Դ. Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեություն) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով
(առանձնապես խոշոր չափերով շորթում):
