hetq.am-ը գրում է.
«Երեխային դպրոց վերադարձնելու փորձերը հենց սկզբից խոչընդոտների են հանդիպել»
Արմենն առաջին դասարանը սովորել է մասնավոր դպրոցում։ Ծնողներին դպրոցի ուսուցման «ոչ ստանդարտ» մոտեցումները չեն գոհացրել, և նրանք երեխային տեղափոխել են Զեյթունի 125-րդ հանրակրթական դպրոց: Այստեղ սովորելու ընթացքում Արմենը ընդհարվել է աուտիզմ ունեցող համադասարանցու հետ: Ծնողների պատմելով՝ վեճերից մեկի ժամանակ համադասարանցին կծել է Արմենի ծոծրակը։
Ծնողների խոսքով՝ Արմենն ի ծնե գերակտիվ է, ու նոր բախումներից խուսափելու համար լավագույն տարբերակը համարել են դպրոցը փոխելը։ Երկրորդ դասարանում Արմենին տեղափոխել են բալետի դպրոց, սակայն այստեղ էլ նա չի ինտեգրվել։
Ի վերջո, ծնողները որոշել են Արմենին վերադարձնել նախկին՝ հանրակրթական դպրոց։ Սակայն, նրանց պատմելով, տնօրենը հրաժարվել է երեխային ընդունել՝ պատճառաբանելով, թե դպրոցում տեղ չկա, կընդունեն, երբ տեղ բացվի, և խոստացել է տեղեկացնել այդ մասին։
«Ավելի ուշ իմանում ենք, որ դպրոցում նոր դասարան էր բացվել, և ընդունելություն էր կազմակերպվել, որի մասին տնօրենը մեզ ոչինչ չէր ասել։ Միայն նախարարությանը (ԿԳՄՍՆ) դիմելուց հետո տնօրենը զանգել ու հրավիրել է դպրոց։ Բայց հանդիպման ընթացքում էլ ասել է, թե նախարարությանը դիմելը անբարոյականություն էր»,- պատմում է Արմենի մայրը։ Տնօրենի այս խոսքերը հաստատվում են դպրոցում ծնողների հետ կազմակերպված ժողովներից մեկի ձայնագրությամբ:
Երկար քննարկումներից ու վեճերից հետո Արմենն ընդունվում է նոր ձևավորված դասարան։ Այստեղ ևս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա էր սովորում՝ Գևորգը։
Երեխաների կոնֆլիկտը վերածվել է ծնողների կոնֆլիկտի
Ծնողների խոսքով՝ Արմենի գերակտիվության և Գևորգի վարքային դրսևորումների պատճառով երեխաների միջև հաճախակի ընդհարումներ էին տեղի ունենում։ Նրանք պատմում են, որ Գևորգը հաճախ հայհոյում էր, բշտում մյուս երեխաներին, ինչին Արմենը հակազդում էր։
Արմենի ծնողները դպրոցի տնօրենից և դասղեկից խնդրել են Գևորգին հոգեբան կցել։ Սակայն, նրանց փոխանցմամբ, դպրոցում ասել են, որ Գևորգը հենց այդ ուսումնական տարվա սկզբից հրաժարվել էր հոգեբանի հետ անհատական աշխատանքից, հրաժարվել էին նաև Գևորգի ծնողները։
Դպրոցն Արմենի մորն առաջարկել է դասերին ներկա լինել և այդ ընթացքում երեխայի կողքին նստել՝ մինչև լարվածության թուլացումը։ Երբ Գևորգի մայրն իմացել է այդ մասին, ինքը նույնպես ցանկություն է հայտնել ներկա լինել դասերին:
Արմենի մոր խոսքով՝ դասերից մեկի ընթացքում Գևորգը թքել է Արմենի վրա, ինչից հետո վերջինս չի հանդուրժել և կռվել է նրա հետ։ Դրանից հետո կոնֆլիկտի մեջ են մտել նաև երեխաների ծնողները։
Արմենի մոր խոսքով, իրենց՝ երկու երեխաների ծնողներին հրավիրել են տնօրենի աշխատասենյակ, որտեղ տնօրենն ու դասղեկն իրեն ասել են, թե ի սկզբանե գիտեին, որ Արմենի ընդունվելուց հետո դպրոցում կոնֆլիկտներ են ծագելու:
Ստեղծված իրավիճակում դասղեկը հայտարարել է, թե հրաժարվում է դասղեկությունից։ Արմենի մոր փոխանցմամբ՝ պատճառաբանել է, թե Արմենի վարքի պատճառով չի կարողանում կառավարել դասարանը։
Ծնողի մոտ տպավորություն է ստեղծվել, որ դասղեկը դպրոցին երկընտրանքի առաջ է կանգնեցնում՝ կա՛մ ինքը շարունակում է մնալ դասղեկ, իսկ Արմենին տեղափոխում են այլ դասարան, կա՛մ ինքը հրաժարվում է դասղեկությունից։ Տնօրենը հրաժարականը չի ընդունել և դիմումը չի ստորագրել՝ պատճառաբանելով, որ փոխարինող չունի։
Արմենի ծնողները կարծում են, որ դասղեկի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է խորացրել երեխաների միջև կոնֆլիկտը։ Նրանք անհիմն են համարում նաև տնօրենի պատճառաբանությունը, թե փոխարինող չունենալու պատճառով դասղեկին չի կարող ազատել այդ պարտականությունից։
Միջադեպից հետո դասարանի աշակերտների մեծ մասը, ծնողների հրահանգով, մոտ մեկ շաբաթ չի հաճախել դպրոց Արմենի ծնողների համոզմամբ՝ սա կանխամտածված ճնշում էր, որպեսզի ստիպեն իրենց տեղափոխել երեխային այլ դասարան։
Խնդիրն ի վերջո հասել է թաղապետարան, որտեղ փոխթաղապետի, ոստիկանների, դպրոցի տնօրենի ու մանկավարժների մասնակցությամբ քննարկվել է Արմենի վարքն ու նրա պատճառով ստեղծված իրավիճակը։
Արմենի ծնողները չեն հերքում, որ իրենց որդին գերակտիվ է, դասերին շատ է խոսում ու չի կարողանում 45 րոպե անշարժ նստել։ Սակայն նրանց մտահոգում է, որ չարաճճի ու շարժուն երեխային դպրոցը «բեռ» է համարում ու բոլոր կոնֆլիկտների գլխավոր մեղավոր։ Ծնողների համոզմամբ՝ նման պիտակավորման պատճառով Արմենը թիրախավորվում է։
«Հետքը» կապ է հաստատել նաև Գևորգի մոր հետ, սակայն վերջինս չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ կատարվածի մասին։
«Որպես դասղեկ հրաժարականի դիմումը գրել եմ»
Դասարանի դասղեկը պնդում է, թե Արմենին դասարանում ընդունել են ջերմ ու ընկերաբար․ զարմանում է, որ Արմենի ծնողները կարծում են՝ երեխան թիրախավորվել է:
Առաջին կիսամյակը, նրա խոսքով, հարթ է ընթացել. վեճեր լինում էին, բայց արագ հարթվում էին: Երկրորդ կիսամյակի մեկնարկից վեճերը պարբերական բնույթ են կրել։ «Իրավիճակը հասավ այն կետին, որ երեխաները սկսում էին ծեծել իրար, քաշքշել»,- նշում է նա։
Հարցին՝ արդյո՞ք երկու ծնողների՝ դասին ներկայությունը խտրական վերաբերմունք չէ մյուս երեխաների նկատմամբ, կամ չի՞ կարող ավելի սրել վիճակը, պատասխանում է, որ դպրոցը նման փորձ ունեցել է ու խնդիր չէր եղել։
«Երբ ես հրաժարականի դիմումը գրել եմ, հասկացել եմ, որ այդ փուլում, այդ պահին ես անզոր եմ։ Որպեսզի հարցը լուծվի, ես ելքը այդտեղ եմ տեսել, իսկ տնօրենին ասել եմ, որ չեմ կարողանում, երեխաների ու ծնողների անընդհատ վեճերին էլ չեմ դիմանում»,- ասում է նա։
Դասղեկն ասում է, որ մտածել է՝ գուցե գա ուրիշ՝ ավելի կոմպետենտ մեկը, որ կկարողանա կարգի բերել դասարանը։ Չնայած սրան, նա միաժամանակ կարծում է, որ ինքը բացթողումներ չի արել։
Հարցին՝ գուցե դպրոցն ավելի շա՞տ հոգեբանի ու օգնող ուսուցչի կարիք ունի, դասղեկը պատասխանում է, որ նրանց թիվը քիչ չէ, բավարար է»։ Նա նաև նշում է, որ դասարանում երկու երեխաների միջև կոնֆլիկտի սրվելուց հետո բոլոր դասերին հոգեբանները ներկա են եղել:
Իսկ այն, որ Գևորգը և նրա մայրը հրաժարվել են հոգեբանի հետ անհատական աշխատանքից, դասղեկը պարզաբանում է, որ դա միայն հոգեբանի՝ անմիջապես Գևորգի կողքը դասի ժամանակ նստելու մասին է․ հոգեբանը դասին ներկա է լինում:
Արդյո՞ք Արմենը հասկանում է, թե Գևորգի ԿԱՊԿ ունենալն ինչ է նշանակում, դասղեկն ասում է՝ «Արմենի հետ առանձին խոսել ենք»:
Դասղեկը տեղյակ չէ՝ արդյոք հոգեբանը խմբային աշխատանքներ տարել է երեխաների հետ։ Արմենի ու նրա ծնողների հետ զրույցից մենք տեղեկացել ենք, որ հոգեբանը կազմակերպել է անհատական հանդիպումներ երեխաների հետ, բայց խմբային հոգեբանական վարժանքներ կամ հանդիպումներ չեն եղել:
Չնայած դասղեկը կարծում է, որ խնդիրը լուծված է, նրա հրաժարականի դիմումը տնօրենի մոտ է: «Որպես դասղեկ հրաժարականի դիմումը գրել եմ, դեռ ստորագրված չէ, իմ տնօրենն ինքը կորոշի՝ կստորագրի, թե՝ չէ»,- հավելում է նա։
«Կապ չունի՝ ով է ում վնասում, երկու կողմերն էլ ունեն որոշակի դժվարություններ»
Հոգեբան Մարինե Գաբրիելյանի խոսքով՝ եթե հասունացել է կոնֆլիկտ երկու երեխաների միջև, չի կարելի դիտարկել միայն մեկին՝ մի կողմ թողնելով մյուսին։ Ծագած կոնֆլիկտը, նրա կարծիքով, երկուսի ներքին անհանգստությունների ու դժվարությունների հասկացման կարիքի արտահայտություններ են: Նա ասում է, որ դասարանում հոգեբանի դերը պարզապես երեխայի կողքին նստելը չէ։
«Դասարանի ներսում ավելի փոքր խմբի մեջ կարող են ներգրավել երկուսին էլ, դասերից հետո պահել, կազմակերպել, ընկերության, էմպատիայի, հուզական ինտելեկտի բարձրացման հետ կապված աշխատանքներ։ Վերջում այդ երկուսին իրար մոտեցնել, ընկերացնել, իհարկե ոչ սկզբում, այլ ընթացքում։ Կարող են պարզապես լիցքաթափող վարժություններ կազմակերպել»,- հավելում է հոգեբանը։
Ամեն ինչում գերակտիվ երեխա՞ն է մեղավոր. ՀՄԿ եզրակացությունը
2026 թվականի մայիսի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետը դասալսում է իրականացրել դպրոցում՝ Արմենի վիճակը հասկանալու համար։ Ինչպես նշված է ուսումնասիրության մեջ՝ այդ օրը Գևորգն առողջական խնդիրների պատճառով դպրոցում չի եղել։ Կենտրոնն արձանագրել է, որ Արմենը ցրված է, հետ է մնում դասընկերներից, նրան անընդհատ ուղեկցում է ուսուցչի օգնականը։
Արմենի ցրվածությունն ու գերակտիվությունը հաշվի առնելով՝ նա ներկայացվել էր ԿԱՊԿ գնահատման։ 2026 թվականի ապրիլի 21-ի գնահատման արդյունքում պարզվել է, որ նա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունի, չնայած առկա են վարքագծային որոշ խնդիրներ։
Մաթեմատիկայի ուսուցիչը հաստատել է, որ Արմենը ցրված է, սակայն իր դասաժամերին կոնֆլիկտներ շատ քիչ են լինում, քանի որ ինքը սովորողի նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերում։
Կենտրոնը դասարանում սոցիալ-հոգեբանական մթնոլորտն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել, դասղեկի կողմից սովորողների նկատմամբ բուլինգի դրսևորումներ չեն արձանագրվել։ Սակայն թե ինչն է հիմք ընդունվել՝ որպես բավարար ապացույց այդ պնդման համար, կենտրոնի ուսումնասիրության մեջ նշված չէ:
Ըստ Կենտրոնի եզրակացության, դասարանում կոնֆլիկտների հիմնական պատճառն Արմենն է։ Նա ներկայացված է որպես գերշարժուն, հակադրվող, անհնազանդ, իմպուլսիվ վարքագիծ ունեցող և վարքագծային ու առաջադիմական դժվարություններ ունեցող երեխա։
Ի տարբերություն այս եզրակացության, դասարանի դասղեկը, պատասխանելով մեր հարցին, թե դասի ընթացքում Արմենին ինչ անհատական մոտեցում է ցուցաբերում, նշել է, որ երեխան սովորելու և ինֆորմացիան ընկալելու որևէ խնդիր չունի: Նա նրան նույնիսկ որակել է որպես բազմակողմանի զարգացած երեխա:
Կենտրոնը, միաժամանակ, առաջարկել է դպրոցի հոգեբանին Արմենի հետ անհատապես աշխատել: Իսկ տնօրենին հանձնարարել է «բարելավել դասարանում բարոյահոգեբանական մթնոլորտը և ապահովել անվտանգ միջավայր»:
Տնօրենին տրված հանձնարարությունը պետք է կատարվի մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը։
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) ուսումնասիրությունը, սակայն, մի շարք հարցեր է առաջացնում։ Կենտրոնը մի կողմից արձանագրել է, որ դասարանում բուլինգ չի հաստատվել, իսկ սոցիալ-հոգեբանական մթնոլորտը, ընդհանուր առմամբ, բավարար է, մյուս կողմից՝ կոնֆլիկտների հիմնական պատճառ է համարել Արմենի վարքը և դպրոցին հանձնարարել բարելավել դասարանի բարոյահոգեբանական մթնոլորտն ու ապահովել անվտանգ միջավայր։ Եթե խոսքը երկու երեխաների միջև շարունակական կոնֆլիկտի մասին է, ինչո՞ւ է դրա պատճառը գնահատվել հիմնականում երեխաներից մեկի ուսումնասիրության հիման վրա։ Բացի այդ, մինչեւ կոնֆլիկտի խորացումը դպրոցն ի՞նչ քայլեր է ձեռնարկել երեխաներին միմյանց և ներառական միջավայրին ծանոթացնելու, նրանց փոխհարաբերությունները ձևավորելու և առաջացած խնդիրները կանխելու կամ լուծելու համար։ Երեխային դպրոց ուղարկելը դժվար է մի իրավիճակում, երբ մասնագիտական եզրակացությամբ հենց նա է ներկայացվում որպես կոնֆլիկտների հիմնական պատճառ, մինչդեռ դպրոցի և մյուս մասնագետների պատասխանատվության ու գործողությունների ամբողջական գնահատական չկա։
Ի վերջո, ներառականությունը միայն երեխային դպրոց ընդունելը չէ, այլ բոլոր երեխաների համար անվտանգ միջավայր ստեղծելը և կոնֆլիկտի դեպքում յուրաքանչյուր կողմի կարիքներն ու պատասխանատվությունը հավասարապես ուսումնասիրելը։
Հ․Գ․ Հոդվածը հրապարակելուց առաջ տեղեկացանք, որ Արմենի ծնողները երեխային հանել են դպրոցից։
Գլխավոր լուսանկարը պատրաստվել է արհեստական բանականությամբ
