
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրով, և հայտնվել ՀՀ ներքին գործերի նախարարության վարչական շենքի գլխավսր մուտքի մոտ տեղադրված «Իրավակարգի զինվորին» հուշաքարի մոտ` կանաչ գազոնում, բախվելով նաև երեկ` ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանի օրվա առթիվ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սագսյանի կողմից տեղադրված ծաղկեպսակին:

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Դավիթ Նիկիողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: