ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչները, գումարային հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններով պայմանավորված՝ լարված հարաբերություններ են ունեցել Երևանում բնակվող 5 եղբայրների հետ, և հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող անձինք, պլանավորել են քրեական ենթամշակույթ կրող Երևան քաղաքի բնակիչ՝ Գ․Ս․-ի սպանությունը, ով իր աջակցությունն է հայտնել 5 եղբայրներին։
Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 18-ին Գ.Ս.-ին սպանելու դիտավորությամբ, մի խումբ անձինք գնացել են նրան պատկանող՝ Երևան քաղաքի Մուրացան փողոցի գրասենյակի մոտակայք և նկատելով գրասենյակի դիմաց հավաքված անձանց, դուրս են եկել ավտոմեքենայից, հայհոյել Գ․Ս․-ին և նախապես տեղեկացված լինելով, որ նա գտնվում է ներսում, վերջինիս սպանության նպատակով, գիտակցելով հիշյալ հասցեի դիմաց կանգնած անձանց կյանքից զրկելու հավանականությունը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններից բազմաթիվ կրակոցներ են արձակել գրասենյակի դիմաց կանգնած Դ․Գ․-ի, Վ․Մ․-ի, Գ․Մ․-ի և Ա․Ն․-ի ուղղությամբ, որի ընթացքում խմբի անդամներից Ա․Մ․-ն իր մոտ ապօրինի կերպով պահվող, ռազմամթերք հանդիսացող բեկորային նռնակը նետել է տվյալ հասցեի կիսանկուղային հարկ, որտեղ այդ պահին գտնվել է Կ․Ռ.-ն։ Կրակոցների հետևանքով Վ․Մ.-ն մահացել է, իսկ Գ․Մ․-ի առողջությանը պատճառվել է թեթև ծանրության վնաս, որից հետո հանցագործները դիմել են փախուստի։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ֆիզիկական ներգործության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, հրազենի ապօրինի շրջանառության, շորթման, խարդախության հոդվածների հատկանիշներով:
5 անձ կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
