Որքան զոհ ու անհետ կորած ունի ՌԴ-ն` Ուկրաինայի հետ պատերազմում․ հետազոտություն

factor.am-ը գրում է.

Ռուսաստանի առնվազն 490 հազար զինծառայող է զոհվել Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից մինչև 2026 թվականի սեպտեմբերի վերջը։ Նման եզրակացության են եկել լրագրողները՝ ուսումնասիրելով Ռոսստատի տվյալների արտահոսքը, գրում է Current time-ը։ Հաշվի առնելով անձանց, որոնք դեռևս սանհետ կորած են համարվում, «Մեդուզան» և «Մեդիազոնան» գնահատում են, որ 2026 թվականի աշնան դրությամբ՝ ռուսական կողմի կորուստները կազմել են շուրջ 720 հազար մարդ կամ ավելի։ Արխիվը լրագրողներին են փոխանցել «Բելառուսի կիբերպարտիզաններ» և Silent Crow հաքերային խմբերը։ Ռոսստատի համակարգը կոտրելու մասին նրանք հայտարարել էին նոյեմբերի 1-ին։ Երկու տվյալների բազաների մշակման, կրկնվող գրառումների հեռացման և ուղղված փաստաթղթերի միավորման արդյունքում լրագրողները ստացել են 2021 թվականի սկզբից մինչև 2026-ի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածի մահվան դեպքերի մասին շուրջ 11,66 միլիոն եզակի գրառում։ Քանի որ դրանք վերաբերում են բոլոր մահացածներին, զոհված զինծառայողների տվյալները հարկ է եղել առանձնացնել։ Լրագրողները տվյալների բազայի իսկությունը ստուգել են ժառանգական գործերի ռեգիստրի, դատական որոշումների, ՔԿԱԳ համակարգից այլ արտահոսքերի և Ռոսստատի հրապարակած վիճակագրության միջոցով։ Արխիվում հայտնաբերվել են «Մեդիազոնայի», BBC-ի ռուսական ծառայության և կամավորների կազմած զոհված զինծառայողների անվանական ցուցակում ընդգրկված անձանց 95,1 տոկոսի տվյալները։ The Insider-ը պարզել է անանուն արխիվում նշված ավելի քան 370 հազար զոհվածների ինքնությունը։ Պարբերականի կայքում հասանելի է անուններով որոնման հնարավորություն։ The Insider-ի հաշվարկներով՝ գրանցված ամենամեծ կորուստները եղել են 2025 թվականի գարնանը․ երեք ամսում՝ ավելի քան 61 հազար մարդ։ «Важные истории»-ն հաշվել է, որ զոհերի միջին օրական թիվը 2022 թվականին շուրջ 60-ից աճել է մինչև 150՝ 2023-ին, և ավելի քան 400՝ 2024-ին։ 2025 թվականին այն հասել է օրական 584 գրանցված մահվան դեպքի։ Այսպիսով, Ուկրաինայում պատերազմի ընթացքում միջինում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մեկ ռուսաստանցի զինծառայող է զոհվում։ Լրատվականը նաև հաշվարկել է, որ պատերազմի ամբողջ ընթացքում զոհվել է 18-19 տարեկան ավելի քան 7 հազար երիտասարդ։ Նրանց մոտ կեսը զոհվել է 2025 թվականին, իսկ 16-ը՝ չափահաս դառնալուց հետո առաջին ամսվա ընթացքում։ Զոհվածների միջին տարիքը 33-ից հասել է 40-ի։ Բնակչության թվաքանակի համեմատ ամենամեծ կորուստները կրել են Հեռավոր Արևելքի և Սիբիրի շրջանները։ Հրեական ինքնավար մարզում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում զոհված գրեթե 1000 մարդ, Անդրբայկալյան երկրամասում՝ շուրջ 800, Չուկոտկայում՝ 760, Տուվայում՝ 650։ Մոսկվայում այդ ցուցանիշը կազմել է 100 հազար բնակչի հաշվով 63 մարդ։ Այս տվյալները ներկայացված են «Важные истории»-ի հաշվարկներում։ Ռուսական կողմի զոհվածների թվում պարբերականը հայտնաբերել է առնվազն 6 հազար օտարերկրացու, այդ թվում՝ ուկրաինական անձնագրեր ունեցողների։ Լրագրողներն առանձին ուսումնասիրել են նաև մարտական գործողությունների հետ կապ չունեցող պատճառներով զինծառայողների մահվան դեպքերը։ Շուրջ 2,5 հազար մարդ մահացել է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հետևանքներից կամ ինքնասպանություն գործել։ Ռոսստատի տվյալների արտահոսքի հետ աշխատել են նաև BBC-ի ռուսական ծառայությունը, «Новая газета Европа»-ն, «Պրոյեկտ (Проект)»-ը, «Դոսյե» կենտրոնը և «Вот так»-ը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Latest

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը նորից քայլել է սովորում
Ձյուն է սպասվում
«Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին
Երևանում 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճшնшկ է եղել
Որքան զոհ ու անհետ կորած ունի ՌԴ-ն` Ուկրաինայի հետ պատերազմում․ հետազոտություն
ՔՊ-ի թեկնածուի հայրը հայհոյել է շինարարներին եւ «չափալա՞խ կերել». «Հրապարակ»
20 կիլոգրամանոց արծաթե ապուրաման՝ 8 միլիոն դոլարի գնահատմամբ
Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է
Երևանում դասվարը աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության․ նախաքննությունն ավարտվել է