ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է Բիգֆութ ձնեմարդու որոնումների մասին արխիվային փաստաթղթեր։ Դրանց թվում է 1982 թվականի հետաքննության զեկույցը, երբ ամերիկյան իշխանությունները կենսաբան էին ուղարկել՝ ուսումնասիրելու Վաշինգտոն նահանգի անտառներում հայտնաբերված առեղծվածային հետքերը, հայտնել է New York Post-ը։
ԱՄՆ անտառային ծառայության՝ Բիգֆութին նվիրված արխիվից երեք փաստաթուղթ հրապարակվել է հոկտեմբերի 15-ին բաց հասանելիությամբ։ Դրանցից մեկում կենսաբան Ռոդնի Լ. Ջոնսոնը նկարագրել է Ումատիլա ազգային անտառի Միլ Քրիք գետի ջրահավաք ավազանի տղմոտ հողի վրա երեք վայրում հայտնաբերված հետքերը։
Զեկույցի տվյալներով՝ ոտնահետքերի երկարությունը մոտ 38 սանտիմետր էր, լայնությունը՝ մոտ 18 սանտիմետր։ Դրանք լանջերով վեր ու վար ձգվում էին 7,5–12 մետր, ապա մտնում խիտ բուսականության մեջ, որը, դատելով վնասվածքներից, տրորված էր ևս 9–12 մետր տարածության վրա։
Ջոնսոնը նշել է ոտնահետքերից մեկի երկրորդ մատի անսովոր ձևախախտումը։ Մասնագետները լուսանկարել են հետքերն ու պատրաստել դրանց գիպսե կաղապարները։ Կենսաբանն ընդունել է, որ եթե ոտնահետքերը կեղծված էին, ապա դրանց հեղինակը ստիպված էր եղել զգալի ջանքեր գործադրել, սակայն ինքը դրանք Բիգֆութի գոյության ապացույց չի համարել։
Ջոնսոնի կարծիքով՝ հետքերը չէր թողել ավելի քան 136 կիլոգրամ քաշ ունեցող երկոտանի արարածը։ Հնարավոր բեմականացման նշանների թվում նա նշել է տարբեր թեքությամբ հատվածներում քայլի նույն երկարությունը, իր իսկ կոշիկների հետքերի համեմատ ոտնահետքերի ավելի փոքր խորությունը և ակնհայտ նշանները, որ անտառածածկը նախապես մի կողմ էր տրվել։
Մեկ այլ փաստաթղթում ԱՄՆ սահմանապահ ծառայության ներկայացուցիչը ենթադրել է, որ հետքերը պատրաստվել են փափուկ սվաղանյութի կամ ռետինի օգնությամբ, իսկ խաբեության նպատակը կարող էր լինել ձնեմարդու լեգենդին հավաստիության երանգ հաղորդելը։
Արխիվում ներառվել են նաև 2003 թվականին Մոնտանայում Բիգֆութի ենթադրյալ հետքերի մասին թերթի հրապարակումը և մի տղամարդու նամակը, որը պնդում էր, թե 1940-ականներին որսի ժամանակ հանդիպել է նմանատիպ հետքերի։ Նա հիշատակել է ուժեղ հոտը, տարօրինակ մռնչյունը և տագնապի զգացումը, ոըր համակել էր որսորդներին։
