Գերմանիայում մեկնարկել է ինքնաթիռների համար լազերային զենքի մշակումը

MBDA Deutschland ընկերությունը պայմանագիր է ստացել կախովի բեռնարկղերում տեղադրվող լազերային կայանքի ցուցադրական նմուշ ստեղծելու համար։ Նախագիծը պետք է տեխնոլոգիական հիմք ստեղծի Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ուղղորդված էներգիայի հեռանկարային համակարգերով համալրելու համար։ Սա ավիացիոն լազերային զենքի ստեղծման ոլորտում Գերմանիայի առաջին պաշտոնական քայլն է, թեև այն հիմնված է համապատասխան տեխնոլոգիաներում երկրի բազմամյա ներդրումների և ծովային բազավորման լազերային համալիրների փորձարկումների վրա։

MBDA-ի տեղեկություններով՝ ծրագրի վերջնական նպատակը հակառակորդի անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները ոչնչացնելու ունակ ավիացիոն լազերային համալիրի ստեղծումն է։

Ավիացիոն նոր մշակումը շարունակում է ուղղորդված էներգիայի զենքի ստեղծման գերմանական ավելի լայնածավալ ծրագիրը, գրում է Naked Science-ը։ MBDA-ի տվյալներով՝ 2019 թվականից Գերմանիայում լազերային տեխնոլոգիաները դիտարկվում են որպես գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Բացի դրանից, այդ տեխնոլոգիաներն ընդգրկված են ազգային առանցքային տեխնոլոգիաների ցանկում՝ Գերմանիայի պաշտպանական արդյունաբերության զարգացման և անվտանգության ապահովման կառավարական ռազմավարության շրջանակում։

MBDA-ն վաղուց այս ոլորտում Գերմանիայի հիմնական արդյունաբերական գործընկերներից մեկն է։ Ընկերությունը մասնակցել է երկրի զինված ուժերի բոլոր զորատեսակների համար լազերային համակարգերի և խոցման միջոցների մշակմանը։ Այն նաև ընդգծում է, որ վերջին տարիներին սեփական միջոցներից զգալի ներդրումներ է կատարել համապատասխան տեխնոլոգիաների զարգացման համար։ Ընկերության պնդմամբ՝ այդ ներդրումները հնարավորություն են տվել կատարելագործել առանցքային տեխնիկական լուծումները, ինչպես նաև ստեղծել և մի քանի ցուցադրական նմուշ փորձարկել։

Սեփական տեխնոլոգիական բազայի առկայությունը կարող է MBDA-ին առավելություն տալ ավիացիոն համակարգի մշակման հարցում։ Լազերային աղբյուրների ստեղծման, լազերային ճառագայթի կառավարման, թիրախների ուղեկցման և ջերմության հեռացման ոլորտներում կուտակված փորձը հնարավոր է օգտագործել կախովի բեռնարկղերի նախագծման ժամանակ։

MBDA-ի ներկայիս նախագիծը հիմնված է լազերային զենքի մշակման ոլորտում Գերմանիայի զգալի փորձի վրա։ Ընկերության տվյալներով՝ անհրաժեշտ տեխնոլոգիաները կատարելագործվում են 2008 թվականից։ Այդ ընթացքում անցկացվել են մի շարք հաջորդական ցուցադրություններ և տեխնոլոգիական փորձարկումներ։ MBDA-ն պնդում է, որ արդեն 2012 թվականին իրեն հաջողվել է ցուցադրել լիարժեք լազերային սպառազինության համակարգի արդյունավետությունը։

Latest

Գերմանիայում մեկնարկել է ինքնաթիռների համար լազերային զենքի մշակումը
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան
Ամստերդամի թանգարանում այցելուներն են վանդակներում, իսկ կենդանիները՝ ազատ
Ցուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Ալիևը կրկին մեղադրել է հայերին․ «30 տարի շարունակ ավերել են Ղարաբաղը»
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը
Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարից
Կնոջը ծեծել է ձեռքերով, ոտքերով ու փայտով․ ամուսնու տանը 2,5 կգ մարիխուանա են գտել