Բազմազավակ ընտանիքներին՝ մինչև 48 մլն դրամ բնակարանի համար․ ովքեր կարող են օգտվել ծրագրից

Այսօր, ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստում հաստատվեց  բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին հնարավորություն տալ պետության ամբողջական աջակցությամբ բնակարան ձեռք բերել կամ սեփական տուն կառուցել։

Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, ծրագրի շահառու ընտանիքներին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով նախատեսվում է տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակով։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրին, ապա կստանա ևս 4 մլն դրամ։

Այսպիսով, օրինակ, 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը կարող է ստանալ 24 մլն դրամ, 7 երեխա ունեցողը՝ 28 մլն դրամ, 8 երեխա ունեցողը՝ 32 մլն դրամ, իսկ 9 երեխա ունեցողը՝ 36 մլն դրամ։ 10 երեխա ունեցող ընտանիքի համար նախատեսված գումարը կկազմի 40 մլն դրամ, 11 երեխայի դեպքում՝ 44 մլն դրամ, իսկ 12 երեխայի դեպքում՝ 48 մլն դրամ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ գյուղական բնակավայր ընտրած ընտանիքներին տրամադրվող հավելյալ 4 մլն դրամը կարող է օգտագործվել անհատական բնակելի տան կառուցման համար անհրաժեշտ հողամաս կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելու, ինչպես նաև ծրագրով սահմանված այլ ուղղություններով։

Ծրագրի պայմաններով ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանվելու է նվազագույնը 10 քմ բնակմակերես։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 6 անչափահաս երեխա և երկու ծնող ունեցող ընտանիքի համար նվազագույն բնակմակերեսը պետք է կազմի 80 քմ։

Նախնական տվյալներով՝ Հայաստանում կա 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7, 76-ը՝ 8, 26-ը՝ 9, 5-ը՝ 10, 2-ը՝ 11, իսկ մեկ ընտանիք ունի 12 անչափահաս երեխա։

ArmԼur.am-ը ուսումնասիրել է նաև մարզային բաշխվածությունը։ Այս տվյալներով՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների ամենամեծ թիվը Շիրակի մարզում է՝ 81 ընտանիք, որին հաջորդում է Արմավիրի մարզը՝ 76 ընտանիքով։ Արարատի մարզում կա 77, Լոռիում՝ 79, Գեղարքունիքում՝ 64, Կոտայքում՝ 72, Սյունիքում՝ 47, Վայոց ձորում՝ 11, Տավուշում՝ 33, Արագածոտնում՝ 34, իսկ Երևանում՝ 69 նման ընտանիք։

Նախագծի ընդունման դեպքում առաջիկա 10 տարիների ընթացքում պետական բյուջեից ծրագրի իրականացման համար կպահանջվի առավելագույնը 31 մլրդ 900 մլն դրամ։ Այս հաշվարկը կատարվել է այն պայմանով, որ ծրագրին կմասնակցեն բոլոր 643 ընտանիքները, իսկ նրանց 50 տոկոսը կնախընտրի գյուղական բնակավայրերում բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել։

Նախատեսվում է, որ շահառուների 50 տոկոսը վարկավորում կստանա 2027 թվականին, մյուս 50 տոկոսը՝ 2028 թվականին։ Մասնավորապես, 2027 թվականի համար վեց ամսվա կտրվածքով անհրաժեշտ կլինի շուրջ 1.4 մլրդ դրամ, իսկ 2028 թվականին՝ շուրջ 3.7 մլրդ դրամ։

Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացումը կնպաստի շուրջ 650 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը և շուրջ 4300 երեխաների բարեկեցության ապահովմանը։

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից։ Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում առաջարկվում է հաստատել բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման կարգը։

Անի Վարդանյան

 

Latest

Ամուսինը հղի կնոջը ինքնասպանության է հասցրել․ ավարտվել է նախաքննությունը
«Սիթի»-ի աղցանների արտադրությունը մասամբ կասեցվել է
Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է
Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է
Առանց ձմեռային անվադողերի՝ երթևեկությունն արգելված կլինի․ ինչ պետք է իմանան վարորդները
Մհեր-Արմենիան 3 տարի շարունակ բնակվել է բանկին պատկանող բնակարանում․ բանկի պարզաբանումը
Մայրը մահացել էր, հայր չի ունեցել․ նոր մանրամասներ՝ պատուհանից ընկած 5-ամյա երեխայի ողբերգական մաhվան դեպքից
Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամում 15 զոh է գրանցվել
Բազմազավակ ընտանիքներին՝ մինչև 48 մլն դրամ բնակարանի համար․ ովքեր կարող են օգտվել ծրագրից