Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով քննարկումները շարունակվում են, բայց մինչև հիմա լուծում չենք գտել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Պատգամավորը հարցրել էր, թե կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում լուծել պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցը։
«Խնդիրը բարձրացվում է տարիներ շարունակ»,- շեշտեց նա։
Ա. Թորոսյանն ասաց, որ հարցը վերջին անգամ հենց նույն դահլիճում է քննարկվել արցախցիների հետ։
«Մեր խնդիրը հիմնականում այն քաղաքացիների հետ է կապված, որոնք այս պահին անհետ կորած են, և նրանց ընտանիքի անդամները չեն ստանում կերակրողին կորցնելու նպաստ։ Մեր մյուս հայրենակիցները, որոնք այդ դժբախտ պատահարի պատճառով զոհվել են, նրանց ընտանիքների անդամները կերակրողներին կորցնողի նպաստ են ստանում»,- մանրամասնեց նա՝ հիշատակելով տրամադրված միանվագ փոխհատուցումները և ընդգծելոբ, որ զինվորականների և քաղաքացիական անձանց համար կիրառվել են տարբեր մեխանիզմներ։
Նախարարը հավելեց, որ բոլորին կարգավիճակ տալու հարցում պետք է զգույշ լինել։
«Քննարկումները շարունակվում են, եթե լուծում կգտնենք, որով այլ խնդիրներ չենք առաջացնի, ապա մենք դեմ չենք։ Մինչև հիմա, անկեղծ ասած, չենք գտել այդպիսի լուծում, որովհետև պետք է օրենքներում փոփոխություններ կատարվեն ու հավասարեցումներ արվեն»,- ասաց նա։
Ա. Խաչատրյանը վկայակոչեց Վերաքննիչ դատարանի վճիռը։
«Դրանով զոհերի մահը կապվել է պատերազմի հետևանքների հետ և դրանով կարգավիճակի հարցը լուծված է, որովհետև եթե քաղաքացին Ստեփանակերտում գնում է հաց գնելու և ռմբակոծության հետևանքով զոհվում է, ապա նա ունի կարգավիճակ»,- շեշտեց նա։
Պատգամավորն առաջարկեց նախարարության և զոհերի իրավահաջորդների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել և փորձել հարցին լուծում գտնել։
«Առաջարկում եմ մենք, դուք և զոհերի իրավահաջորդները փոքր շրջանակում հանդիպենք և փորձենք այս հարցը վերջացնել»,– ասաց նա։
«Ես կողմ եմ։ Կազմակերպեք՝ մենք կգանք»,- արձագանքեց Ա. Թորոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել այդ ձևաչափով հանդիպմանը։
