Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է երկրի Գավաթի խաղարկության՝ այսօր նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգելու մասին։ Պատճառը Տոլեդո նահանգում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարն է։
Սարսափելի դեպքի առնչությամբ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Ի նշան չորեքշաբթի վաղ առավոտյան Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի և համերաշխության՝ RFEF-ը հետաձգել է Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի բոլոր 24 հանդիպումները, որոնք պետք է կայանային այսօր ցերեկը և երեկոյան։ Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրապարակի մրցաշարի վերանայված ժամանակացույցը և հետաձգված խաղերի անցկացման նոր ժամկետները։
Իսպանական ֆուտբոլային ընտանիքը միասնական է իր վշտի մեջ և պատրաստակամություն է հայտնում աջակցել իշխանություններին՝ այս սարսափելի վթարի տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցում», — նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
