Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի թաղամասում՝ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում, քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այդ թվում պարանոցին տեղադրելով ֆիքսատոր, որից հետո տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ․ Թադևոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ ճշտում են շենքը կառուցապատողի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից, իսկ շենքի շինարարության պատասխանատուն «Էլիտ Հոլդինգ»-ն է։
