Aravot.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցին «բարենորոգելու» Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացած վաստակավոր արտիստ Մհեր Արմենիայի հետ: Նա պատմել է, որ առաջիկա ընտրություններին որպես «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ մասնակցելու որոշում չունեն, ՔՊ-ի պարտություն չի ակնկալում եւ անձամբ սատարում է Փաշինյանի խաղաղության օրակարգին: Մեր հարցին՝ իսկ մոտ ապագայում հնարավո՞ր է ընտանիքով տեղափոխվի Կիրանց, որտեղ պատն է բաժանում գյուղացիներին ադրբեջանցիներից ու խաղաղ ապրի, երգիչը զարմացավ՝ ինչո՞ւ պետք է Երեւանից Կիրանց տեղափոխվի. «Ես երեւանցի եմ, Երեւանում եմ ապրում, գործերս Երեւանում են, ինչի՞ գնամ, հասնեմ Կիրանց»: Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երգիչն ինչի՞ դիմաց փոխեց իր դիրքորոշումը հարցին, նա պատասխանեց՝ հիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. «5 տարի քննադատել եմ իշխանությանը, եկել է մի պահ, որ վերանայել եմ իմ կարծիքը: Եթե ժողովուրդն է ընտրում այս իշխանությանը, դա չես կարող հերքել: Ինձ համար որոշում եմ կայացրել, որ իշխանությանը ընտրի ժողովուրդը, չեմ գնալու իշխանության եւ պետության դեմ: Ինչքան էլ պահանջես հրաժարական, մեկ է, այդքան պահանջեցի, ոչ մի հրաժարական չեղավ, վարչապետը շարունակում է աշխատել»:
