ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը. տուգանքը՝ 100-150 հազար դրամ

Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 14-ի նիստին ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով թեմային առնչվող նախագծի փաթեթ՝ միաժամանակ նշելով, որ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն՝ արդեն իսկ ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և արգելման մասին:

«Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա: Սա փաստացի գործող կարգավորում է: Որպես այլընտրանք՝ դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները:

Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում: Այստեղ ևս սահմանված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար: Որպես այլընտրանք՝ դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները»,- ասաց նա:

Սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, առաջին անգամ՝ նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100-150 հազար դրամ տուգանք: Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ տուգանքը նախատեսվում էր 30-100 հազար դրամ: Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ:

Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը, ըստ նախարարի, ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և առողջապահական կարևոր նշանակություն ունի: Այն համահունչ է նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի տրամաբանությանը, քանի որ այս նախագիծը կանխարգելելու է շնչառական հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը:

Անդրադառնալով թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս թեմայով պետք է հանրային իրազեկման արշավներ անել: Ամենօրյա ռեժիմով աշխատանք պետք է կատարվի տնտեսվարողների հետ, և եթե անհրաժեշտ է, պետք է նաև աջակցության ծրագրեր իրականացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բոլորս, ըստ Փաշինյանի, սովոր ենք աշխատել, ապրել պլաստիկի հետ:

«Այն, որ այս խնդիրը մեր երկրի համար վաղուց հասունացած է, մենք բոլորս տեսնում ենք՝ նույնիսկ ցանկացած տեղ գնալով: Նույնիսկ մեքենայի պատուհանից է երևում, որ այդ պրոբլեմն արդեն էլ տեղ չկա, էնքան ահագնացող է»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին կարծիք հայտնեց, թե խնդիրը ռեալ կլուծվի, եթե պլաստիկի արտադրման և ներմուծման դեմ պայքար լինի:

Latest

Ինչ եղանակ կլինի
Արտակարգ դեպք՝ Հայաստանում․ «Mercedes»-ը բախվել է ոչխարի հոտին․ մի քանիսը տեղում սատկել են
222lava-ն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Հատիս լեռան վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փոփոխություն երթևեկության կազմակերպման մեջ՝ նշված փողոցներում
ԶԳՈւՇԱՑԵՔ․ «ՍԻԹԻ»-ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գլխավոր Դատախազությունը՝ գործարար Ռոբսոնի մասին. ինչ է որոշվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը. տուգանքը՝ 100-150 հազար դրամ
Ապարանում գողացել են քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր դեր կխաղա անխոչընդոտ հաղորդակցության հաստատման գործում․ Ալիև