
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը: Ավելի վաղ հաղորդվել էր բնության ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող Շաքիի ջրվեժում կազմակերպված միջոցառման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս։
Քաղաքացի Ա.Օ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար»: