
Օրենքի հիմնական նպատակը
Օրենքի նպատակն է ապահովել քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացումը, բարելավել առողջության ցուցանիշները, նվազեցնել հիվանդացության և մահացության ցուցանիշները, աջակցել սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը, բարձրացնել բժշկական օգնության հասանելիությունը և որակը, ինչպես նաև ապահովել առողջապահական համակարգի կայունությունը:
Ապահովագրական փաթեթն ընդգրկում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների լայն շրջանակ:

Ներառված ծառայությունները`
- Կանխարգելիչ ծառայություններ– պարտադիր նախապայման է ապահովագրական փաթեթից օգտվելու համար (բացառությամբ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության);
- Խորհրդատվական, ախտորոշիչ և բուժական ծառայություններ։
- Հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ։
- Շտապ բժշկական օգնությունև տեղափոխում։
- Քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողություն։
- Դեղեր և բժշկական պարագաներ։
- Վերականգնողական բուժում։
- Պրոթեզներ և մետաղական կոնստրուկցիաներ։
Ապահովագրական փաթեթում ներառվում են առավելապես այն հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և հսկողության ծառայությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում են հիվանդացության, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառներ:
Որոշ ծառայությունների համար կարող է սահմանվել համավճար, որը չի կարող գերազանցել ծառայության գնի 50%-ը:
Օրենքի նախագիծը սահմանում է բնակչության հետևյալ խմբերը, որոնց համար ապահովագրավճարն ամբողջությամբ վճարվում է պետական բյուջեից.
- Մինչև 18 տարեկան երեխաներև առանց ծնողական խնամքի մնացած մինչև 26 տարեկան սովորողներ։
- 65 և բարձր տարիքի անձինք։
- Հաշմանդամություն ունեցող անձինք։
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։
- Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ։
- Մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողներ)։
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներև նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ
- Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության համակարգում հաշվառված անձինք։
Ապահովագրավճարների մեխանիզմը
Ապահովագրավճարի դրույքաչափը տարեկան կարող է կազմել 120,000-164,400 ՀՀ դրամ (ամսական 10,000-13,700 ՀՀ դրամ) և յուրաքանչյուր տարվա համար հաստատվում է պետական բյուջեի մասին օրենքով:
Ապահովագրավճարի վճարման պարտավորություն ունեցող խմբեր՝
- Վարձու աշխատողներ– ապահովագրավճարի 100% (գործատուն հանդիսանում է հարկային գործակալ)։
- Անհատ ձեռնարկատերեր և նոտարներ– ապահովագրավճարի 100%։
- Վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացողներ, ՔՊ պայմանագրային աշխատողներ– ապահովագրավճարի 100%։
- Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներ– ապահովագրավճարի 80%։
- Փոխկապակցված անձինք– ապահովագրավճարի 80%։
Ապահովագրական համակարգի փուլային ներդրումը
Օրենքի նախագիծը նախատեսում է համակարգի փուլային ներդրում, որը կախված է օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից:
Առաջին փուլ (պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, ըստ Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի հայտարարության նախատեսվում է սկսել 2026թ.-ից՝ Iravaban.net)՝
- Պետության կողմից ապահովագրվող խմբերը (11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված խմբեր)։
- Բարձր եկամուտ ունեցող վարձու աշխատողներ (ամսական >200,000 դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողներ)։
- Բարձր եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերեր և այլ եկամուտ ստացողներ (տարեկան >2,400,000 դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողներ)։
- Ազդակիր բնակավայրերի բնակիչներ։
Երկրորդ փուլ (պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից)՝
- Ցածր և միջին եկամուտ ունեցող վարձու աշխատողներ (ամսական ≤200,000 դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողներ)։
- Ցածր և միջին եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերեր և այլ եկամուտ ստացողներ (տարեկան ≤2,400,000 դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողներ)։
Երրորդ փուլ (պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից)՝
- Մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրեր (11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ)։
- Ընտանիքում 3+ անչափահաս երեխաներ ունեցող ծնողներից մեկը (11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ)։
- Գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողներ (11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետ)։
- Փոխկապակցված անձինք (11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ)։
Օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, բոնուսային համակարգը (առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով) կսկսի գործել 2029թ. հունվարի 1-ից: