Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել է ՝ սրտի կանգից։
Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ դատական նիստի ընթացքում, երբ մեղադրանքի կողմը միջնորդում էր անթույլատրելի ապացույց ճանաչել պաշտպանության կողմի ներկայացրած որոշակի նյութեր, պաշտպանության կողմն էլ՝ միջնորդել էր հետաձգել դատական նիստը, այդ ընթացքում նիստերի դահլիճում գտնվող մեկ տղամարդ պարբերաբար կանգնում է՝ հայտարարելով, որ ասելիք ունի։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում։
