Գլխավոր դատախազությունը փորձում է կյանքի կոչել իշխանությունների՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող գույքերն ուսումնասիրելու և դրանք պետականացնելու հայտարարությունները:
Մասնավորապես գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող 13-րդ դարի առաջին քառորդին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Այս կապակցությամբ դատախազությունը այս տարվա փետրվարին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ դատարանից խնդրելով անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի 2019թ․ ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումը և որպես հետևանք վերացնել Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի նկատմամբ Եղիպատրուշ համայնքի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև 2020թ․ հունիսի 9-ի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրից ծագող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքի գրանցումը և գրանցամատյանի գրառումը:
Խոսքը 1208 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Մխիթար Օշականցու կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը ճանաչվել է համայնքի սեփականությունը և հանձնվել ՀԱԵ-ին:
Համաձայն Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի 2019 թվականի ապրիլի 1-ի N 131Ա որոշման՝ Եղիպատրուշ գյուղի՝ համայնքային սեփականությունը հանդիսացող հողատարածքում 1208թ. և 1220թ.-ին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչվել է որպես համայնքային սեփականություն, օրինական գույք:
Եկեղեցին սպասարկման տարածքով պետական գրանցում ստանալուց հետո հանձնվել է Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցուն:
Մինչդեռ՝ ըստ դատախազության՝ նշված եկեղեցին հանդիսացել է օտարման ոչ ենթակա և ընդգրկված է եղել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։