Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում շինություն է այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը շինությունում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրշեջները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը նշված գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։