Գազայի հատվածում տեղի է ունեցել զանգվածային հարսանեկան արարողություն, որի ընթացքում միաժամանակ ամուսնացել է 250 պաղեստինցի զույգ, հայտնում է BBC News-ը։
Տոնակատարությունն անցկացվել է ավերված շենքերի փլատակների և բռնի տեղահանվածների վրանների մեջ։
Միջոցառումը կազմակերպել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Operation Gallant Knight 3» մարդասիրական առաքելությունը։ Նորապսակներն արարողությանը եկել են Գազայի հատվածի տարբեր շրջաններից։ Կազմակերպիչները տոնակատարությունն անվանել են սիրո և նոր սկզբի խորհրդանիշ՝ պատերազմն ու մարդասիրական ճգնաժամը վերապրած անկլավի բնակիչների համար։
Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն, ըստ սկզբնական հաղորդագրության, իսրայելական ավիահարվածները շարունակվում են գրեթե ամեն օր։
Պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Իսրայելի վրա հարձակումից հետո։ Այդ ժամանակ զոհվել էր մոտ 1200 մարդ, ևս 251 մարդ պատանդ էր վերցվել։
Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ։ Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով, պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 74 640 մարդ։
