ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող անապատային տարածքում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հայտնի բնական ժայռակազմավորումներ, որոնք հազարավոր տարիների ընթացքում ձևավորվել էին քամու, անձրևի և ժամանակի ազդեցությամբ։ Տարածքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ «Այլմոլորակայինի գահը» (Alien Throne), փլուզվել է։ Դրանից մի քանի շաբաթ առաջ փլուզվել էր նաև մոտակայքում գտնվող «Արքայի թևեր» (King of Wings) ժայռակազմավորումը։

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում մի քանի հզոր փոթորիկներ են մոլեգնել։ Հորդառատ անձրևները տեղացել են արդեն իսկ խոնավացած հողի վրա՝ առաջացնելով գետերի վարարումներ և ջրհեղեղներ։ Տուժել են Նյու Մեքսիկո, Կոլորադո, Յուտա և Արիզոնա նահանգները։ Ջրհեղեղները քանդել են տներ, վնասել ճանապարհներն ու փոխել բնական լանդշաֆտը։
