Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին

Դերասան Նորայր Եղյանը նկարահանվել է «Բարի Գալուստ» նոր սիթքոմում, որի գործողությունները ծավալվում են Հունաստանում։ Նախագծում նա մարմնավորում է հյուրանոցի փոխտնօրենին։ Դերասանի խոսքով՝ այս դերն իր համար առանձնահատուկ է եղել, քանի որ մինչ այդ նման կերպար չէր մարմնավորել։
«Մարմնավորում եմ Սևակին, ով հյուրանոցի փոխտնօրենն է և պատրաստ է ցանկացած ստորության՝ տնօրենի աթոռին հասնելու համար։ Կերպարը բացահայտելու հարցում հատուկ աշխատանք չեմ կատարել, քանի որ սցենարում ամեն ինչ հստակ ներկայացված էր։ Ռեժիսորի հետ շատ արագ հասկացանք՝ ով է Սևակը և ինչի է ընդունակ։ Ամենակարևորն այն էր, որ կերպարի հետ աշխատեցինք շատ անկեղծ։ Ինձ համար էլ շատ հաճելի էր մարմնավորել մի կերպար, որը մինչ այս պահը չէի խաղացել։ Իհարկե, բոլոր փակագծերը չեմ կարող բացել և պատմել, թե ինչ է տեղի ունեցել»,– նշել է դերասանը։

Նորայր Եղյանը խոստովանում է, որ «Բարի Գալուստ» սիթքոմում նկարահանվելու առաջարկն ի սկզբանե մերժել է։ Ամռանը Հայաստանից երկար ժամանակ բացակայելու պատճառով նրա աշխատանքային գործերը հետ էին ընկել, ուստի դերասանը չէր կարող անմիջապես համաձայնել ևս մեկ ամիս բացակայելուն։
«Երբ զանգ ստացա, առանց իմանալու՝ ինչ նախագիծ է, միանգամից մերժեցի։ Հետո ինձ առաջարկեցին ևս մեկ անգամ մտածել, և ես խնդրեցի մանրամասներ ներկայացնել։ Արդեն գիտեի, որ Աղաս Մանուկյանն է որպես պրոդյուսեր հանդես գալիս, բայց ժամանակ էր պետք հասկանալու համար՝ կկարողանա՞մ ևս մեկ ամիս բացակայել։ Հետագայում Աղասն ինձ ասաց, որ սցենարը գրելիս հենց ինձ է պատկերացրել այդ դերում։ Դա շատ կարևոր պատճառ էր համաձայնության գալու հարցում»,– պատմել է Եղյանը։
Դերասանի և պրոդյուսեր Աղաս Մանուկյանի համագործակցությունը նոր չէ։ Նրանք նախկինում միասին աշխատել են «Բոլոլա» սիթքոմում, և, ինչպես նշում է Եղյանը, միմյանց լավ են հասկանում։ Անդրադառնալով Աղասի՝ պրոդյուսերի դերին՝ նա առանձնացնում է ոչ միայն նրա մասնագիտական աշխատանքը։
«Ինձ համար շատ կարևոր են մարդկային հատկանիշները։ Աղասն այնպիսի որակներ ունի, որ ես վստահում եմ նրան և աշխարհի ծայրն էլ կգնամ նրա հետ։ Որպես պրոդյուսեր՝ նա չափազանց հոգատար է, ուշադիր, շատ ազնիվ և հումորով։ Շատ կուզենայի, որ նրա պրոդյուսերական աշխատանքը շարունակական լինի, քանի որ նման հատկանիշներ ունեցող պրոդյուսերները կարողանում են համախմբել դերասաններին և հոգատար մթնոլորտ ստեղծել։ Երբ թիմի անդամները զգում են այդ վերաբերմունքը, աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում, իսկ նկարահանման հրապարակում ձևավորվում է իսկապես հիանալի մթնոլորտ»,– ասել է դերասանը։
Հունաստանում անցկացված նկարահանումները բավական հագեցած են եղել։ Ստեղծագործական թիմը գրեթե ազատ օրեր չի ունեցել, իսկ հանգստանալու հնարավորությունը սահմանափակ է եղել։ Եղյանի խոսքով՝ իրեն և դերասանուհի Էվա Խաչատրյանին երբեմն հաջողվել է ծով գնալ, սակայն նկարահանումների ծանր գրաֆիկը թույլ չի տվել լիարժեք հանգստանալ։

«Գրեթե ազատ օր չենք ունեցել։ Մի փոքր իմ և Էվա Խաչատրյանի բախտն է բերել, որ կարողացել ենք գնալ ծով և մի փոքր հանգստանալ, բայց նկարահանումների գրաֆիկը շատ հագեցած էր։ Առաջին պահից մինչև վերջ բոլորս շատ ակտիվ էինք աշխատում, միմյանց օգնում էինք և կարողանում էինք գործել կարծես մեկ օրգանիզմ լինեինք։ Մի օր չեմ կարող առանձնացնել, որովհետև ամեն ինչ շատ հիշարժան էր»,– նշել է նա։
Խոսելով սիթքոմի հիմնական ուղերձի՝ բարու հաղթանակի մասին՝ Նորայր Եղյանը կարևորում է դիմացինին հարգելու, նրա զգացմունքները հաշվի առնելու և մարդուն իր տեսակով ընդունելու անհրաժեշտությունը։ Դերասանի համոզմամբ՝ հաճախ հենց մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքն է որոշում՝ արդյոք մեր գործողությունները բարություն կբերեն, թե ցավ կպատճառեն։
«Երբ մեր ներսում ակտիվանում է չարաճճիությունը, և փորձում ենք չհարգել դիմացինին, հաշվի չառնել նրա զգացմունքները, ցանկություններն ու անհատականությունը, այդ դեպքում վնասում ենք մարդուն։ Իսկ երբ դիմացինին ընդունում ենք իր տեսակով, նրա բոլոր հատկանիշներով, սկսում ենք վարվել այնպես, որ նա չվնասվի։ Ինձ համար շատ կարևոր է, որ կարողանանք մեր ներսում ավելի շատ բարություն գտնել և առաջնորդվել դրանով։ Պետք է միշտ այնպիսի որոշումներ կայացնենք, որոնց արդյունքում չեն տուժի ո՛չ մենք, ո՛չ էլ դիմացինը»,– ընդգծել է դերասանը։

Նորայր Եղյանը հույս ունի, որ «Բարի Գալուստ»-ը հեռուստադիտողին կփոխանցի այն դրական հույզերն ու արժեքները, որոնք ստեղծագործական թիմը ներդրել է նկարահանումների ընթացքում։ Նրա խոսքով՝ սիթքոմը սիրո, հոգատարության և երազանքներին հավատալու մասին է։
«Կուզենայի, որ հեռուստադիտողը սիթքոմից ստանար այն կարևոր հույզերը, որոնք մենք ներդրել ենք նկարահանումների ընթացքում՝ սերը, հոգատարությունը և երազանքներին հավատալը։ Կյանքում միշտ չէ, որ միանշանակ պատասխաններ կան, բայց յուրաքանչյուր իրադարձությունից ելք գտնելու հնարավորություն կա։ Ամենակարևորը վստահությունն ու համախմբվածությունն են, և այս ամենը պետք է գլխավորի ազնվությունը»,– եզրափակել է դերասանը։
Հավելենք, որ «Բարի Գալուստ» սիթքոմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Shant TV-ի եթերում։ Սիթքոմում նկարահանվել են Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Մարինկա Խաչատրյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Արման Գևորգյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վահե Պետրոսյանը և այլ դերասաններ։

Նորություններ Շոուբիզնեսից

Latest

«Աշխարհի վերջը» նշանակված է 2026–ի նոյեմբերի 13-ին. գիտնականները կանխատեսել են ապոկալիպսիսը 66 տարի առաջ
Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին
Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մահացության յուրաքանչյուր 4-րդ դեպքի պատճառը. ինչպե՞ս ճանաչել «լուռ մшրդասպանին»
Հանրապետության տարածքում այսօր սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, բռնnւթյուն է գործադրել և uպառնացել հրապարակել ինտիմ տեսագրությունը
Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ
Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը