
ArmLur.am-ի թղթակիցը այս պահին գտնվում է դեպքի վայրում և ներկայացնում է տեսանյութ քննիչների գործողություններից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ջրասուզակներն ու փրկարարները երեխային հայտնաբերել են Մարմարիկ գետում՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանի մոտ գտնվող կամրջի տակ:
Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էրֆոտոլրագրողը, մայիսի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում էին մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:
Վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել էին նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:
Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մոտ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները: