
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բաժնի պետի և օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։
Ոստիկանները այնուհետեև մեկնում են նշված ավտոլվացման կետ, որտեղ պարզվում է, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհանես Պողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտյոմ Համզոյանի և Արսեն Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Սուրեն Հ․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավտոլվացման կետում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, բազմոցի արանքում դանակ, սակայն պարզվում է՝ արդյոք նշված դանակով է հարվածել Սուրեն Հ․-ն, իսկ վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։