Ոչ ուշ, քան 2026 թ.-ի նոյեմբերի 1-ից անձնագիր տալու պետական տուրքը կլինի 28 650 դրամ՝ անկախ տարիքից։ Երեխաների համար առանձին կամ նվազեցված դրույքաչափ օրենքում չկա, սակայն մինչև 6 տարեկան երեխայի անձնագիրը կգործի ընդամենը 3 տարի։ Գործող կարգով կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրի տուրքը 25 000 դրամ է, իսկ նույնականացման քարտինը՝ 3 000 դրամ։
Ո՞ր տարիքից կարելի է երեխայի համար անձնագիր ստանալ
Անձնագիրը կարելի է ստանալ անկախ տարիքից, և այն ստանալը կամավոր է։ Նույնականացման քարտ կարելի է ստանալ վեց տարին լրանալու օրվանից․ 6-ից 16 տարեկանների համար այն կամավոր է, իսկ 16 տարին լրանալուց հետո՝ պարտադիր։ 16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրվում է միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում։
Քանի՞ տարի կգործի անձնագիրը
մինչև 6 տարեկան երեխաներին՝ 3 տարի,
6-ից 16 տարեկաններին՝ 5 տարի,
16 տարին լրացածներին՝ 10 տարի։
Այսինքն՝ նույն 28 650 դրամով մինչև 6 տարեկան երեխայի անձնագիրը կգործի 3 տարի, իսկ մեծահասակինը՝ 10 տարի։
Որքա՞ն կվճարի ընտանիքը
Նույնականացման քարտի տուրքը 5 950 դրամ է։ Օրինակ՝ եթե երկու ծնողը ստանում են անձնագիր և նույնականացման քարտ, իսկ 4 և 10 տարեկան երեխաները՝ միայն անձնագիր, ընտանիքը կվճարի 126 500 դրամ (2 × 34 600 + 2 × 28 650)։
Նույնականացման քարտի տուրքից ազատված են սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամները, եթե ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է անապահովության նպաստի իրավունք տվող շեմի 130 տոկոսից, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համար դիմած անձինք («Պետական տուրքի մասին» օրենք, հոդված 26, մաս 3.1)։ Բացի այդ, կառավարությունը կարող է անձանց որոշ խմբերի համար սահմանել աջակցություն՝ պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով (նույն հոդված, մաս 7)։
Մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը տրված անձնագրերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը։
Ամփոփում
Ամփոփելով՝ ոչ ուշ, քան 2026 թ.-ի նոյեմբերի 1-ից երեխայի անձնագիրն արժենալու է նույնքան, որքան մեծահասակինը՝ 28 650 դրամ, բայց մինչև 6 տարեկանների համար այն կգործի 3 տարի, իսկ 6–16 տարեկանների համար՝ 5 տարի, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
