Իմ գյուղն է, ապրում եմ իմ գյուղում, ով եկավ, կմասնակցեմ, կլսեմ, կխոսեմ։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով Լենուղի գյուղում ՔՊ-ականների հետ մասնակցել է քարոզարշավի։
Դիտարկմանը՝ եթե մյուս ընդիմադիրներն էլ այցելեն իրենց գյուղ, նրանց քարոզարշավին էլ կմասնակցի՞, դերասանը պատասխանեց. «Հա, թող գան, ինչ է եղել։ Մեր գյուղում կգնամ, կլսեմ։ Ինձ կմորթե՞ն, որ լսեմ ընդդիմադիրներին»։
Հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք իշխանության գաղափարախոսությունը, համամի՞տ է նրանց վարած քաղաքականության հետ, դերասանը նշեց.
«Սա արդեն ուրիշ տեղ է տանում։ Ես կողմնակից եմ բարեփոխման։ Ինչպես դասականն է ասում՝ լավին լավ, վատին՝ վատ։ Այո, շատ վատ բաներ կան, կան նաև լավ բաներ։ Լավ բաներ, որ տեսնում եմ, ուրախանում եմ, վատ բաներից տխրում եմ, սիրտս ցավում է։ Մարդ եմ, ով ապրում և արարում է այս հանրապետությունում։ Ես ապրում եմ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, մարդ եկավ այդ պահին, նրանց էլ կլսեմ, կհայտնեմ իմ կարծիքը։ Ուրիշ տեղ չեմ գնացել քարոզարշավի։ Վատ բան չեմ արել։ Գնացել քայլել եմ, լսել ու բարձրաձայնել եմ իմ համագյուղացիների հետ՝ խնդիրների մասին»։
