Շուրջ կես ամիս առաջ խոշոր ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա Վարդան Մարկոսյանն ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից, Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
«Ուշագրավ է, որ ՊՆ-ն մի շարք դեպքերում որոշակի մանրամասներ է հայտնել քաղաքացիների չծառայելու հիմքերի վերաբերյալ, մասնավորապես, եթե խնդիրը եղել է առողջական, ապա դա նշվել է, գաղտնի պահելով միայն առողջական խնդրի բնույթը։ Վարդան Մարկոսյանի՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը հանրության շրջանում լայն քննարկման թեմա դարձավ այն բանից հետո, երբ հրապարակվեց նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ 19-ամյա երիտասարդը մեքենան վարելով ասում է․ «Նայեք էն «Nissan»-ն ուզումա հետներս քշի, ի՞նչ անենք, նվաստացնե՞նք մի հատ «Nissan»-ի վարորդին, ի՞նչ անենք, մի հատ կրե՞նք։
Այս խոսքերն ասելուց 20 վայրկյան անց նրա վարած Mercedes CLS-ը անթույլատրելի արագությամբ երթևեկում ու բախվում է 53 երթուղին սպասարկող ավտոբուսին, հարվածում Toyota և Jaguar մարդատարներին։ Հարվածի հետևաքնով Jaguar-ն անցնում է բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրայով, կոտրում այն և հայտնվում հանդիպակաց գոտում, մասամբ՝ մայթին։ Երեք մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Վարդան Մարկոսյանը այս վթարից հետո նոր տեսանյութեր է նկարահանում և ծաղրում իրեն քննադատողներին, միաժամանակ խոստանում, որ նման կոնտենտի պակաս լսարանը չի ունենալու։
Վթարից միայն 15 օր անց նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցվեց՝ միանգամից երեք հոդվածով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, խուլիգանության և առանց իրավունքի տրանսպորտային միջոց վարելու համար: Այս հոդվածներով առավելագույն պատիժը՝ մինչև 5 տարի ազատազրկումն է: Մարկոսյանը տնային կալանքի տակ է»,- գրել է լրատվամիջոցը։
