ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 7-ին Հայաստանում ձերբակալել են հայտնի գործարար Ռոբսոնին՝ Ռուբեն Թաթուլյանին։
«Известия» պարբերականի տվյալներով՝ նոյեմբերի 7-ին Հայաստանում ձերբակալվել է հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որն ավելի հայտնի է որպես Ռոբսոն։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզման մեջ է «սպանություն», «խարդախություն» և «Հանցավոր համայնքի կազմակերպում» հոդվածներով։ Ռուսական դատարանը նախկինում նրա նկատմամբ հեռակա կարգով կալանք էր ընտրել որպես խափանման միջոց։
Նշվում է, որ գործարարը Հայաստանի քաղաքացիություն ունի։

Ով է ձերբակալված հայազգի գործարարը
Խոսելով Թաթուլյանի մասին` գործընկերները նշում են, որ նա հայտնի և հարգված մարդ է: Նշենք, որ նա ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի օգնականն է և Սոչիում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը:
Ռուսական առաջատար լրատվամիջոցները հայտնում են, որ Ռ. Թաթուլյանի գործունեության մասին վաղուց առասպելներ են պտտվում: Լուրեր են շրջանառվում, թե Սոչիում և ընդհանուր երկրամասում տեղի չի ունենում որևէ բան, որը Ռոբսոնի սրտով չլինի. ո´չ Սոչիի քաղաքապետը, ո´չ էլ նույնիսկ երկրամասի ղեկավարը ոչինչ չեն կարող անել, եթե Թաթուլյանը դեմ լինի: «Նա Սոչիի՝ ստվերում գտնվող «տերը» չէ, նա պարզապես տերն է»,- այսպես են արտահայտվում Թաթուլյանի մասին տեղացիները:

Ռոբսոնի ունեցվածքը
Հայազգի գործարարն իր ուրույն դիրքով առանձնանում է Սոչիում հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարողների մեջ: Բացի «Գորուն» պանսիոնատից, Թաթուլյանի ընկերություններին են պատկանում մի քանի կոմերցիոն օբյեկտներ, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 70 հազար քառ. մ-ի: Դրանցից ստացած տարեկան եկամուտը հասնում է 850-900 մլն ռուբլու: Թաթուլյանը Սոչիում 7000 քառ. մ մակերեսով առևտրի կենտրոն ունի, որը կոչվում է «Թաթուլյան»:
