Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։ Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր անակնկալ հայտարարությունը՝ լրատվամիջոցների ու դավաճանների մասին, երբ «հաթաթա» տվեց, թե շուտով բացահայտելու է իր դեմ հոդվածների պատվիրատուներին եւ պատվեր կատարողներին՝ «իրական դավաճաններին»։ Երեկ էլ ասել է, թե հենց այդ «դավաճաններն» են իրենց պատվիրված հոդվածներով սասանել Արցախի անվտանգության հիմքերը։
Հարցրինք՝ դավաճանների մասին խոսե՞լ է։ «Դե, տարբեր թեմաներից է խոսել, այս պահին ճիշտ չէ դրանք հրապարակայնացնելը»։ Մամուլում լուր է հրապարակվել, թե Վիտալի Բալասանյանի թիմից է դավաճանը։ «Դավադիրներն ու դավաճանները նման բան գրողներն են, ովքեր փորձում են ազգի մեջ պառակտում մտցնել»։ Հիշեցրինք, որ Փաշինյանն ինքն է նման գրառում արել։ «Վարչապետն անուն չի տվել, բայց կարծում եմ՝ կլինեն եթե ոչ դավաճաններ, ապա լրտեսներ, բայց առանց փաստերի որեւիցե բան ներկայացնել հանրությանը՝ դա հենց դավադրություն է»։