
Տեր Վարազդատ քահանա Նաջարյանն անդրադարձել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարություններին, որոնք նա երեկ արել է Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Արժանապատիվ տեր Հայր, խորը ցավով և կսկիծով դիտեցի Հանրային հեռուստաընկերության եթերի ժամանակ հնչեցրած կարծիքներդ և առհասարակ վերջին շրջանում դրսևորած վարքագիծդ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցու և հոգևոր առաջնորդների: Տպավորությունն այն է, որ երկու Տեր Արամ է գործում քո մեջ, այն Տեր Արամը, ով «Նոր Հայրապետ, Նոր Հայաստան» շարժման ժամանակ բարձր ձայնով աղաղակում էր, պատառոտելով իրեն` ասելով, «Վեհափառ Տե´ր, ձեզ թիկնապահ է անհրաժեշտ սրանցից պաշտպանելու համար, և ես զգեստս կհանեմ ու կպաշտպանեմ ձեզ», իսկ հիմա մեկ ուրիշ Տեր Արամ, ով դարձյալ իրեն ավելի ուժգին պատառոտում է, ասելով «Ժողովու՜րդ, ժողովու՜րդ եկե´ք փրկեք ի´նձ Վեհափառից, Առաջնորդներից, «հալածանքներից» և անասելի դառը «կտտանքներից»:
Ի՞նչ փոխվեց այս կարճ տարիների ընթացքում, Տեր Արամ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ փոխվեց: Վեհափառ Հայրապետը, ով նույնիսկ ապահով էլ էր քեզ` Երևանում, Մայր Աթոռին պատկանող բնակարանով, որ կարողանաս կեցությունդ ավելի բարվոք պայմաններում անցկացնես, այսօր ապերախտի պես, առանց ամոթ զգալու խոսում ես իր և մեր դեմ: Հացը, որ կերե´լ ես և ուրանում ես, լավ տեղ չի տանելու քեզ, արժանապատիվ եղբայր: Հացը ուրացողին օգտագործում են, և հետո, իբրև փալաս, ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում: Ահա սա է սպասվում քեզ: Այսօր որոշ շրջանակների դու պետք ես, բայց վաղը քո անհրաժեշտությունը չի զգալու և ոչ ոք: Երբեք ուշ չէ վերանայելու համար վարքագիծդ և սխալ ընթացքդ, մնում եմ աղոթող քեզ համար:
Եղբայրական սիրով և աղոթքով` օծակից եղբայր Տեր Վարազդատ քահանա Նաջարյան»,- նշել Տեր Վարազդատը։