«Հելնելու եմ, հետևներից ընգնեմ». «Բանկի կռուգ»-ում կատարված սպանության պատվիրատուն սպառնո՞ւմ է

1in.am-ը գրում է

2006թ.-ին «Բանկի կռուգ»-կոչվող վայրում ինքնաձիգի կրակահերթից սպանված Սեդրակ Զատիկյանի գործով պատվիրատու, առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված Նարեկ Խաչատրյանը դժգոհ էր պատժից: Ասաց՝ «Հելնելու եմ, հետևներից ընգնեմ…»:

Ու՞մ էր ուղղված հունվարի 29-ին, վերաքննիչ քրեական դատարանում հնչեցրած այդ սպառնալիքը կամ զգուշացումը. դատարանում նստած կամ բացակայող դատախազների՞ն, դատավորների՞ն, այս գործով զբաղված կամ անցած անձա՞նց, ովքեր իր անունն էին տվել՝ հայտնի չէ… Բայց ամբաստանյալ Ն. Խաչատրյանը գործի դրեց խոսքի այն բոլոր հնարքները, շեշտադրումները, որոնցով փորձելու է համոզել վերաքննիչ դատարանին՝ արդարացնել իրեն կամ պատիժը մեղմացնել, եթե՝ ոչ, գոնե՝ դեղերը փոխելու, բուժվելու համար՝ արտերկիր մեկնելու հնարավորություն տալ…

Մինչ այդ շեշտադրումներին անցնելը հիշեցնենք, որ ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուն՝ Մալաթիայի բնակիչներ Ստեփան Հակոբյանն ու Նարեկ Խաչատրյանն են:

100,000 դոլարի խոստման դիմաց սպանության պատվեր կատարած անձը Արսեն Առուշանյանն է՝ Նարեկի հոր ընկերոջ՝ Ֆելոյի տղան: Նարեկն է նրան «երաշխավորել» որպես հարմար թեկնածու և, ինչպես վկաներից մեկին է ասել սպանությունից հետո, «հարմար թիվ են տվել» սպանության համար: Բայց հետո պարզվել է, որ խոստացված 100,000 դոլարից միայն 30,000-ն են տվել՝ պատճառաբանելով, որ Սեդրակի եղբորը՝ Անդրանիկին էլ պետք է սպաներ. նրան չսպանելով՝ իրենց «դուշման» է դարձրել:

Այդուհանդերձ, պաշտպան Վ. Էլբակյանը վերաքննիչ ատյանում նշեց, որ Նարեկը այդ ցավալի դեպքի հետ կապ չունի և պետք է արդարացվի:

Նա միաժամանակ նշեց, որ վերաքննիչ բողոքում 2-րդ կետն է ավելացրել Նարեկ Խաչատրյանի հորդորով, որով նա խնդրում է դատարանից՝ առաջադրված հոդվածով նշանակված պատիժը մեղմացնել որքան հնարավոր է:

Պաշտպանը թվարկեց վերաքննիչ բողոքի հիմնավորումները, միջնորդությունները, որոնք մերժել էր ստորադաս դատարանը՝ հաշվի առնելով մեղադրողի և տուժող կողմի հիմնավոր առարկությունները:

Խոսքը կարևոր վկա Ահարոն Հակոբյանի ցուցմունքը՝ որպես անթույլատրելի ապացույց, մեղադրանքի հիմքից հանելու, Նարեկ Խաչատրյանի մեղսունակ կամ անմեղսունակ լինելը ստուգելու համար կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու և այլ միջնորդությունների մասին է:

Կոնկրետ Ահարոն Հակոբյանի ցուցմունքը հանելու մասով պաշտպանը նշեց, որ Նարեկ Խաչատրյանը չի կարողացել հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձին, որովհետև վերջինս Մոսկվայում է, քննչական մարմինն էլ նրան չի բերում:

Մենք կողմ կլինեինք այդ միջնորդությանը, եթե պաշտպանը պատասխաներ, թե որտե՞ղ է եղել իր պաշտպանյալը 9 տարի՝ 2006 թվականին կատարված սպանության դեպքից հետո, երբ նախաքննական մարմինը և դատարանը հարցաքննում էին Ահարոն Հակոբյանին: Նարեկ Խաչատրյանն էլ կարող էր՝ գալ, հարցաքննել, բայց նա թաքնվում էր, հետախուզման մեջ էր /թեև ասում է, որ հետախուզման մեջ չի եղել/, և թաքստոցից էլ 9 տարի հետո ոստիկանները գտան:

Բացի այդ, Ահարոնի տված ցուցմունքները բավարար են դեպքի հանգամանքների պատկերն ամբողջացնելու համար, որոնք համընկնում են գործով մյուս ապացույցների հետ:

Հիշեցնենք, որ ըստ քրգործի նյութերի՝ Ահարոնն է եղել սպանության պատվիրատուների և կատարողների միջև կապող օղակը՝ դեպքից անմիջապես հետո. Նա է Նարեկի փեսա Արմեն Բեկջանյանի մեքենայով և ուղեկցությամբ սպանության դիմաց խոստացված գումարից 5000 դոլարի կապոցը՝ թղթով փաթաթված, Ստեփան Հակոբյանենց պատկանող Արամուսի ամառանոցից հասցրել Ջրվեժ՝ սպանությունը կատարած Արսեն Առուշանյանին և նրան օժանդակած տաքսու վարորդին ու նրա ընկերուհուն: Վերջիններս տեսել են, որ Արսենը այդ փաթեթից է հանել 2000 դոլար և տվել իրենց:

Մինչդեռ, պաշտպանական կողմը նշում է, որ Արմեն Բեգջանյանի մոտ մեքենայի մաքսազերծման փաստաթղթերի փաթեթ է եղել, իսկ թե ինչպես է այնտեղից փող դուրս եկել՝ ոչ ոք չգիտի:

Նարեկ Խաչատրյանն ասաց, որ այս սպանությունն իր հետ «կապ չունի, բայց գրել են, որ բռնի»: Ըստ նրա՝ Ահարոնի տված ցուցմունքները հավաստի չեն, նրա մատնանշած Նարեկը ինքը չի, ինքը հետախուզման մեջ չի եղել, դեպքի օրը Արամուսում չի եղել, այնտեղից Արամայիսի հեռախոսով չի զանգել Արսեն Առուշանյանին. Ասաց՝ ինքը ինչու՞ պետք է ուրիշի հեռախոսից օգտվեր. «50,000 դոլարանոց մեքենա քշողը հեռախոս չէր ունենա՞…» :

Ասաց՝ երբ իրենց տուն է մտնում, բջջային հեռախոսն անջատում է: Հետո երբ դատավորը հարցրեց, թե որտեղ է եղել դեպքի օրը, ամբաստանյալն ասաց՝ իր տանը, իսկ մինչ այդ ասում էր՝ փեսայի տանն է եղել, նախորդ օրը Դուբայից եկել և փեսայի տանն է մնացել: Հետո՝ շտկեց «բացթողումը», ասաց՝ փեսայիս տնից եկել՝ շորերս փոխել, նորից գնացել եմ:

Չնայած ասաց, որ Ահարոնի ասած Նարեկն ինքը չի, բայց քիչ անց խոստովանեց, որ սպանությունից հետո մոտ 260 հոգու տարել են ոստիկանություն, իրեն և Ահարոնին՝ ևս: Իրեն պահել են 10 օր, իսկ իր անունը տված Ահարոնին՝ 3 օր:

Ամբաստանյալը նաև ասաց, որ մինչ դեպքը, ինքը բանակից ազատվել է, արտերկրում բուժում ստացել, սովորել: Վերադարձել է հոր առիթով, ով 2001թ.-ին դատապարտվել է, իսկ 2003թ.-ին մահացել:

Նա ասաց, որ որ իրեն ոչ ոք չի լսում, միայն մի լրագրող է գալիս լսում, հետո՝ գնում, գրում է, թե՝ դատարանի հետ պայմանավորված էի:

Կրկնեց, որ ինքը կապ չունի սպանության հետ, ինչու՞ պետք է նստի: Ասաց, որ 15 տարվա պատժաչափ պահանջած դատախազ Վահագն Պողոսյանը գործից տեղյակ չէ, Արմեն Մարուխյանն է եղել հսկող դատախազը: Միաժամանակ հարցրեց, թե ինչու պետք է ուրիշի /մյուս պատվիրատուին էր ակնարկում/ համար 14 տարվա ազատազրկում պահանջեն, իր համար՝ 15:

Դատավորի՝ կրկնվող հարցին, թե՝ ինչու՞ պետք է իր հետ կապեին այս գործը, որին առնչություն չունի, ամբաստանյալն այդպես էլ կոնկրետ, համոզիչ պատասխան չտվեց:

Փոխարենը նրա խոսքի մեջ «ծանոթ մեջ գցելու», «շանտաժային», «սպառնալիքի», համոզելու ակնարկներ նկատվեցին: Ասաց՝ ուրիշների հետ գործ չունեմ, չեմ ուզում ասեմ՝ ով ում բարեկամն է, «մի հորոխպեր էլ ես ունեի ստեղ՝ Խաչատրյան Արշակը, մահացավ» /խոսքը դատավորի մասին է, սակայն մեր տեղեկություններով՝ նա հարազատ հորեղբայր չունի/: Ասաց՝ մի հատ հիվանդ մայր ունեմ, եթե 15 տարի էլ նստեմ, 50 տարեկանում դուրս գամ բանտից՝ ի՞նչ պիտի անեմ. «Պտի հելնեմ, հետևներից ընկնեմ…»

Դատարանին դիմելով ասաց՝ թողեք գնամ բուժվեմ, թե չէ մեկին մի բան կանեմ, լավ չի լինի…

Ամբաստանյալի այսպիսի շեշտադրումներից հետո Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Չիչոյան, Ռուբեն Մխիթարյան, Մհեր Արղամանյան կազմով և վերջինիս նախագահությամբ, պետք է որոշի՝ մեղմացնե՞լ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի դատավճիռը, ով առաջին ատյանի դատարանում չվարանեց դատավարության մասնակիցներին ագրեսիվ տոնով զգուշացնել՝ բոլորդ պատասխան եք տալու, Աստված տա՝ շուտ հելնեմ, շուտ հանդիպենք:

Ի դեպ, Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այդպես էլ դատարան չհասավ Ահարոն Հակոբյանի ցուցմունքները հաստատող 7 անձանցից մեկը՝ իբր, անվտանգության նկատառումներով պաշտպանված վկա Արամ Արամյանը: Սպանության պատվերը կատարած, բայց «քցված» և նեղսրտած Առուշանյանը, մի օր ալկոհոլի ազդեցության Արամյանին պատմել էր, որ «բանկի կռուգի» սպանությունն ինքն է կատարել, բայց պատվիրատուները խոստացված գումարի մի մասը չեն տալիս, որովհետև եղբայրներից միայն մեկին է խփել: Դատարան հրավիրված վկային գտան մահացած վիճակում. Կամրջից նետվել էր կամ նետել էին:

Մանրամասն` այստեղ

Latest

Ռուս-ադրբեջանական սահմանին տեղադրվել է սահմանային առաջին նշանը
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` BALKAN SONG
19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի արձագանքը` իր և Տիգրան Մնացականյանի բաժանման լուրերին
ՎԻԴԵՈ. Ինչպես է Ժաննա Բուտուլյանն արաբական պարում
Թեհրանն էլ զգուշացրեց Բաքվին. Երեւանին տարածություն է տրվել
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է
ՖՈՏՈ. «Դիմում է գրել եւ գնացել բանակ». հոսպիտալում մահացած զինծառայողը երկկողմանի ծնողազուրկ էր
Վտանգը Երեւանի գլխին. շրջադարձի հնարավորություն
ՖՈՏՈ. Ինչպիսի տեսք ունի այսօր «Հարսիկը» հեռուստասերիալից հայտնի փոքրիկ Ջագդիշը