ՎԻԴԵՈ. Հիշո՞ւմ եք «Ուրախ ավտոբուսի» կապուտաչյա ու չարաճճի Գագիկին․ տեսեք, թե ինչպիսին է նա այսօր

thearmenians.am-ը գրում է

«Կուզեի, որ Գյումրին «մոռանար» երկրաշարժը». մեր զրույցի ժամանակ շատ մտահոգ ասում է Ժորա Բաղդասարյանը, բայց Ժորայի դեմքին շատ լուսավոր մի ժպիտ կա, բաց կապույտ աչքերում՝ լավատեսություն: Ժորային փնտրել էի երկար, փնտրել էի՝ հարց ու փորձ անելով ճանաչված գյումրեցիների, փնտրել էի գյումրեցի արվեստագետների շրջանում:

Իսկ Ժորան Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» թախծոտ ֆիլմի Գագիկն է՝ այն կապուտաչյա, շիկահեր, չարաճճի, պեպենոտ փոքրիկ տղան, որին մի գիշերում սիրեցին միլիոնավոր մարդիկ:

Ժորայի անկրկնելի խաղի շնորհիվ սիրեցին այն ճշմարիտ գյումրեցի Գագիկին, որն ընտանիքն ու ծնողներին կորցրել էր երկրաշարժի ժամանակ, ու անտուն Գյումրվա ավերակված, տխուր փողոցներում ակորդներ էր փնտրում հեռախոսի լարերի աղմուկներում:

Սիրեցին այն պայքարող Գագիկին, որ ընտանիք էր փնտրում մանկական անմիջականությամբ՝ հիշելով. «մերս բժիշկ էր, հերս էլ ճարտարապետ: Մենք ընբես լավ ընտանիք էինք: Իրանք ընձի շատ կսիրեին», ու իրեն հատուկ համառությամբ ասում՝ «բայց ես հըմի էլ պդի ծնողներ ունենամ, ըդպես չէ՞»:

Սիրեցին այն նուրբ հոգով Գագիկին, որ ամուսին էր փնտրում «ընգեր Սաթենիկի» համար՝ իր խոսքաշեն խոսվածքով մեծավարի սովորեցնելով. «հերս կըսեր, օր էրեխեն պըդի հեր ունենա, տունն է՝ տեր: Իրան է, իրա հերն է ըսե, ու ընտանիքը պըդի եղնի հորից, մորից ու էրեխուց», ու իրեն «լակոտ» ասող «ընգեր Սաթենիկին» ծնողաբար խրատում, թե՝ «բերանդ չափավոր բաց ընգեր Սաթենիկ, ըդպես բառերով էրեխա չեն դաստիարակե», մերթ ընդ մերթ իրեն շրջապատող մարդկանց հիշեցնելով իրական կյանքի փիլիսոփայությունը. «դաժան ես, դաժան»:

Բայց Ժորային գտա ոչ թե Գյումրիում, այլ՝ Արթիկում, Արթիկի Նոր Կյանք գյուղում ու ոչ թե արվեստագետների, այլ՝ ֆինանսիստների մեջ:

Դեկտեմբերյան անձրևոտ մի առավոտ Ժորային սպասում էի տարեմուտի Երևանի թաց կենտրոնում: Չէի կարող հեռվից չճանաչել նրան, որովհետև մանկությունը մարդու մեջ մնում է հավերժ, մնում է իր դաջվածքներով: Ժորայի քայլվածքը, անմիջականությունը, աչքերը, ժպիտը նույնն էին: Նույն շեկ տղան էր, կապուտաչյա, պեպենոտ: Միայն, բնականաբար, երևի, չկար չարաճճիությունը: Ժորան շատ համեստ էր՝ ի տարբերություն Գագիկի: Ու խոսվածքն էր մի քիչ «քաղաքավարի» դարձել, մի քիչ քիչ էր «լեննագանյան»: Կամ էլ գուցե զրույցի երևանյան լինելն էր պատճառը:

Փորձում ենք առավոտյան սուրճը բաց չթողնել:

Շատ համեստ ես,- ասում եմ,- Գագիկից կարծես ոչինչ չի մնացել:

– Հաստատ, ոչինչ չի մնացել,- ասում է ու ժպտում: Չարաճճիությունից, որ հաստատ չի մնացել: Չնայած, որ Գագիկի չարաճճիությունն ավելի շատ իմն էր, ինձնից էր փոխանցվել Գագիկին: Կամ, գուցե մեր կերպարները միմյանց լրացնում էին: Էն Գագիկից մի բան է մնացել՝ մտահոգությունը: Գագիկը երեխա էր, բայց մտահոգ էր:

-Ինչո՞վ ես մտահոգ:

– Մեր երկրի ապագայով: Հայաստանի ապագայով: Ընտանիքիս ապագայով: Խնդիրներն այսօր շատ-շատ են: Մարդկանց հոգսերը շատ են: Թե՛ քո խնդիրները, թե՛ ուրիշներինը, որ գումարվում են, մտահոգությունը թվում է, թե երբեք չի վերանալու:

– Բայց Գագիկի պայքարող, համառ տեսակը, երևի պահպանվել է:

– Տեսակից երևի կա, բայց՝ շատ քիչ: Ավելի շատ երևի լրջախոհություն է ավելացել այդ տեսակին: Այն ժամանակ յոթ տարեկան էի: Այսօր քսանվեց եմ:

– Բայց Հայաստանում ես չէ՞ տեսնում ապագադ:

– Անպայման: Իմ կարծիքով դրախտը հենց Հայաստանում է: Մտահոգություններս դեռ չեն նշանակում, որ ապագաս այլ տեղ եմ տեսնում: Ոչ մի այլ տեղ: Ոչ մի այլ տեղ: Միայն Հայաստանում: Եթե երկրորդ անգամ էլ ծնվեի, կուզեի, որ ծնվեի Նոր Կյանք գյուղում, նույն ընտանիքում, ամուսնանայի նույն աղջկա հետ:

– Ամուսնացե՞լ ես: Դու դեռ այն ժամանակ էիր ասում, որ «ընտանիքը պըդի եղնի հորից, մորից ու երեխուց»:

– Այո, ամուսնացել եմ,-ծիծաղում է: Ամուսնացել եմ իմ դասարանի աղջկա հետ: Տասը տարի իրար սիրել ենք: Չքնաղ մի բալիկ ունենք՝ Անգելինան, որն իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է: Կարող եմ ասել՝ նաև արվեստի բնագավառում իմ ամենամեծ ձեռքբերումն է: Իմ գլուխգործոցն է:

– Բայց հո չե՞ք պատրաստվում մի բալիկով շարունակել:

– Բնականաբար՝ ոչ: Իմ կարծիքով երկրորդ բալիկը դեռ վերարտադրություն է, երրորդից նոր… Եթե ֆինանսական պայմանները թույլ տան, հաստատ երեք-չորս երեխա ենք ունենալու: Եթե կինս դեմ չլինի:

– Բայց դու հիմա ֆինանսիստ ես: Արվեստի ոլորտում չես: Այսինքն ֆինանսիստի ֆինանսական պայմաններն է՞լ մեր երկրում բավարար չեն:

– Իհարկե: Գիտեմ, բոլորը մտածում են, որ ֆինանսիստները ֆինանսական խնդիրներ չունեն: Լրջորեն ապահովված են: Բայց այդպես չէ:

– Վերադառնանք «Ուրախ ավտոբուսին»: Ինչպե՞ս եղավ, որ նկարահանվեցիր:

– Ես ծնվել եմ արվեստագետների ընտանիքում: Պապս թատրոնի ռեժիսոր Նոդիա Բաղդասարյանն է, կարելի է ասել Գորիսի թատրոնի հիմնադիրներից, տատս՝ Սուսաննա Բաղդասարյանն է՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասանուհի, հորաքույրս՝ Ասպրամ Բաղդասարյանը, նույնպես Գյումրիի թատրոնի դերասանուհի է: Հայրս էլ ավարտել է ռեժիսորականը, բայց հիմնականում իր մասնագիտությամբ չի աշխատում: Երբեմն փորձում է բեմադրություններ անել: Առաջիկայում, օրինակ, Գորիսի թատրոնում բեմադրություն է անելու: Ես ու եղբայրս էլ ենք ռեժիսորականն ավարտել: Միայն մայրս է, որ այդ ասպարեզից չէ:

Ասացի, որ մենք գյուղում ենք ապրում և Ալբերտ Մկրտչյանը, որ տատիկիս՝ Սուսաննա Բաղդասարյանի հետ շատ մոտ էր, երբեմն լինում էր մեր տանը: Նստում էին մեր այգում, ծառերի տակ, աղմուկից հեռում, նարդի էին խաղում, սուրճ էին խմում, հանգստանում էին: Մի անգամ էլ կրկին հավաքված էին մեր այգում, իրենց սիրած ծառի տակ, մեր տանն էին նաև Անահիտ Քոչարյանը, որ խաղաց «ընգեր Սաթենիկի» դերում, Ֆելիքս Գրիգորյանը, տատս էլ, գիտեք, լաչառ Մառուսի դերն է խաղում ֆիլմում ու ես, որ յոթ տարեկան երեխա էի՝ կեղտոտ, մրոտ դեմքով, մազերս շատ, մոտեցա իրենց, բարևեցի ու Ալբերտ Մկրտչյանին ասեցի. «քելե»: Ասեց՝ ո՞ւր: Ասեցի՝ «կռիշ»: Ալբերտ Մկրտչյանը շրջվեց ու տիկին Անահիտին ասաց. «Հենց սրան եմ նկարելու»: Ինչի՞ ասեցի «կռիշ», ինչի՞ էի տանում «կռիշ», չգիտեմ: Հետո տարան թատրոն, մեկ անգամ փորձեցին, ստացվեց: Էդ ժամանակ արդեն 4800 երեխայի փորձել էին: Ու էդպես որոշեցին, որ ես եմ նկարվելու: Յոթ տարեկան էի, տառերը նյույնիսկ չգիտեի:

– Փաստորեն, բնույթով հենց այնպիսի երեխա էիր, ինչպիսին Գագիկն էր ու Ալբերտ Մկրտչյանը դա նկատել էր:

– Այո, այդպիսի երեխա էի: Միշտ զբաղված էի, միշտ խառն էի, միշտ պետք է ինչ-որ մի բան քանդեի, ջարդեի, անպայման ին-որ չարություն պետք է անեի: Ալբերտ Մկրտչյան ինձ «Սատանի ճուտ» էր ասում:

– Պետք է կարծել, որ քո կերպարից է կերտվել Գագիկի կերպարը:

– Իմ կարծիքով զուգահեռ կերպարներ էինք: Շատ համեմատելու հատկանիշներ ունեինք որպես տեսակ: Ես ու Գագիկը շատ էինք իրար նման:

Մի անգամ, օրինակ, նկարահանման հրապարակում Ալբերտ Մկրտչյանի վրա բարկացել եմ: Բայց ես չէի խաղում: Դա իմ անմիջականությունն էր: Գագիկն էլ էր այդպիսին:

Հիշո՞ւմ եք «Ավե Մարիա» երգելու տեսարանը: Այնպես ստացվեց, որ մի երկու ժամում պետք է սովորեի երգը, որովհետև տեսարանը պետք է նկարահանվեր: Հերթական նկարահանումներից հետո գնացինք տուն: Երեկոյան ութի կողմերն էր: Մինչև գիշերվա ժամը մեկը «Ավե Մարիա» էի սովորում: Չէի ուզում սովորել: Ուզում էի քնել: Դե երեխա էի: Մի կերպ վերջը սովորեցի, գնացինք գիշերային նկարահանումների հրապարակ: Արդեն գիշերվա ժամը երկուսն էր ու Ալբերտ Մկրտրչյանն էդ տեսարանը հանեց, այդ օրը չնկարահանեց: Բառացի հիշում եմ: Ասեցի. «Էդ Ալբերտ Մկրտչյանը չի հասկընա, օր Ավե Մարիա երգելը շատ զոռ է, մանավանդ էս գիշերվան»:

Լսեց, ասեց. «էս իսկականից սատանի ճուտ է»:

Մի պատմություն էլ հիշեմ, որ գալիս է մեր կերպարները լրացնելու: Այն տեսարանը, որ կոշիկս հագիցս դուրս է գալիս և ուղիղ կանգնում է, չկար, նախատեսված չէր: Առաջին փորձի ժամանակ միամիտ էդպես թռավ ու կանգնեց, բայց փորձ էր, չէին նկարահանում: Ալբերտ Մկրտչյանն ասեց. կարող ե՞ս էլի անել: Ասեցի. «հա, կարամ»: Ասեց. արա: Արեցի, բայց չեն նկարահանում, գիտեն, որ կարող է չստացվել ու չեն ուզում ժապավենը փչացնել: Մի երեք-չորս անգամ արեցի, նույն կերպ կանգնեց: Մկրտչյանն ասեց. արա, էդ ինչպես ե՞ս անում: Դա իմ իմպրովիզն էր: Այդ ժամանակ ես չարաճճի Ժորան էի:

– Ուրեմն շատ դժվար չի եղել քեզ համար նկարահանվել:

– Ընդհանուր առմամբ, կարելի է ասել դժվար չի եղել: Ամենադժվարն ինձ համար այն տեսարաններն էին, որտեղ պետք է ծիծաղեի: Լաց լինելու հետ կապված խնդիր չկար: Նույնիսկ այն կադրում, երբ «ընգեր Սաթենիկն» ինձ դուրս է անում ու ես պետք է լաց լինեմ, ուզում էին աչքերիս գլիցերին կաթեցնել, բայց չթողեցի, ասեցի. «պետք չէ, ես գուլամ»:

Եվ առանց ինչ-որ կատարված վատ բանի մասին հիշելու, որովհետև կան դերասաններ, որոնք այդպիսի տեսարաններում հիշում են ինչ-որ հարազատի մահ, կամ վատ մի զգացողություն, որպեսզի հուզմունքը խեղդի ու կարողանան լաց լինել, ես լաց եղա: Ամբողջ անձնակազմը հավաքվել էր շուրջս:

Իսկ որ տեսարանը, որ չեմ կարողացել նկարահանվել, հենց առաջին օրվանից, Սոս Սարգսյանն ինձ միշտ շալակած տարել է խանութ, պաղպաղակ է գնել: Ասում էր. «Ժոր, քեզ թարմ մնալ է պետք»:

– Դժվար չէ՞ր տեքստերը սովորել: Յոթ տարեկանում կարողանում էի՞ր կարդալ:

– Չէ, դեռ կարդալ, գրել չգիտեի: Նոր էի դպրոց գնում: Տեքստերն ինձ համար կարդում էին, ես լսելով անգիր էի սովորում: Երբեմն որոշ իմպրովիզներ արել եմ: Հիշում ե՞ք տեսարանը, երբ Սոս Սարգսյանին ասում եմ. «Իսկ դու ծնողներ ունի՞ս: Դու ծնողներ չունի՞ս: Թող քեզ էլ որդեգրեն էլի՞»: Այս տեսարանն ու այս խոսակցությունը նույնպես նախատեսված չէր: Այդ պահին ես ուղղակի Սոս Սարգսյանի հետ սկսեցի խոսել: Ալբերտ Մկրտչյանի օգնականներն ասեցին «Մուշեղիչ, էս ի՞նչ է ասում, էսպիսի բան չկա» ու կանգնեցրին նկարահանումը, որի համար Ալբերտ Մկրտչյանը շատ զայրացավ:

– Դու փաստորեն, ի ծնե դերասան էիր, մասնագիտական կրթություն ես ստացել թատրոնի և կինոյի ինստիտուտում, ինչո՞ւ թողեցիր մասնագիտությունդ:

– Հիասթափություն ապրեցի, երևի դա եղավ պատճառը: Ոլորտից հիասթափվեցի: Հիմա ինձ հաճելի է դիտողի դերում լինել: Կոնկրետ մարդիկ եղան պատճառը, բայց, իհարկե, անունները չեմ ուզում տալ: Ես մի քիչ կոմպլեքսներ ունեի ու այդ մարդիկ նպաստեցին, որ իմ կոմպլեքսներն ավելի աճեն, ոչ թե փորձեցին դրանք հանել հանել մեջիցս:

-Դու կոմպլեքսներ ունեի՞ր: Բայց քո խաղն այդ մասին չի ասում: Ճիշտ հակառակը:

– Այդ ժամանակ երեխայի անմիջականությունն էր խոսում: Յոթ տարեկան երեխան ի՞նչ էր իմանալու կոմպլեքսն ինչ է:

– Նորից կխաղաի՞ր այդ ֆիլմում, եթե ժամանակը ետ տաինք:

– Չէ: Ընտրությունս էլ երևի ճիշտ կկատարեի: Մասնագիտության մասին է խոսքս: Հաստատ թատերականում չէի սովորի:

– Շատ խորն է հիասթափությունդ:

– Այո, որովհետև օգնելու փոխարեն խանգարեցին: Ոչ միայն չկարողացան իմ մեջից հանել կոմպլեքսներս, այլ՝ ավելի խորացրին, կրկնապատկեցին, եռապատկեցին: Ես ավելի արդար միջավայրի կողմնակից եմ: Ինչ ուզում է լինի, միայն թե՝ արդար լինի: Ինձ միշտ թվացել է, թե ինչպես ես եմ վերաբերվում դիմացինիս, նա էլ է ինձ էդպես վերաբերվում, բայց միշտ էդպես չի եղել: Միշտ հակառակն է եղել:

– Իսկ, այնուամենայնիվ, կուզեի՞ր դերասան դառնալ:

– Ինչու չէ: Կուզեի: Շատ լավ մասնագիտություն է դերասանությունը:

– Ամեն դեպքում, ինչ-որ բան փոխե՞ց քո կյանքում «Ուրախ ավտոբուսը»:

– Չեմ կարող ասել, որ չփոխեց: Շատ բան տվեց, բայց ոչ մասնագիտական ասպարեզում: Ճանաչում ձեռք բերեցի, ավելի գնահատեցի իրական արվեստը, ճաշակի զգացողությունը փոխվեց:

– Ճանաչումը «ստիպե՞ց» փոխվել, այլ կերպ ապրել, այլ կերպ քայլել:

– Այն, որ դերասանության շրջանում դասերին չէի հաճախում, լավ էր (Ծիծաղում է): Մեկ-երկու տարի գրեթե դասի չգնացի: Հետո մեկ էլ չորրորդ դասարանում չգնացի, որովհետև նույն գործը Գյումրիի թատրոնում բեմադրվեց ու կրկին ես էի խաղում: Երբեմն էլ առանց քննությունների գնահատականներ էի ստանում ուսանողական տարիներին:

Այն, որ այսօր ավելի քիչ են ճանաչում, ինձ ավելի շատ ուրախացնում է: Այսօր ես ավելի շատ Ժորա Բաղդասարյանն եմ, քան՝ Գագիկը: Շատ է պատահել, որ ինձ սիրել, հարգել են որպես Գագիկի, ոչ թե որպես Ժորա Բաղդասարյան մարդու: Իմ անձը կարծես դրել են մի կողմ ու Գագիկին են սիրել: Դա ինձ միշտ դուր չի եկել: Հիմնականում, երբ ֆիլմի մասին խոսում են, ես միշտ թեման փակում եմ: Եթե իրենք չեն փակում, ուրեմն ես եմ գնում:

Նույնիսկ ուսանողական տարիներին, երբ տրանսպորտում իմ մասին էին խոսում, ես ռեակցիա չէի տալիս, անկախ նրանից՝ լավ էին խոսում, թե՝ վատ: Իջնում էի: Երբեմն նույնիսկ նույնականացրել են կերպարները, ասել են, որ էդ տղան իսկականից որբ է, հայրը հարբեցող է, մայրն անբարոյական է և այլն: Չեմ միջամտել:

– Կինդ գիտե՞ր, որ ամուսնանում է Գագիկի հետ: Ինչպե՞ս էր քեզ վերաբերվում: Ընտանիքդ ինչպե՞ս է վերաբերվում, երբ դու այդքան կտրուկ ես:

– Կինս մասնագիտությամբ բանասեր է: Բնականաբար, գիտեր: Մինչև մեր ընկերություն անելը չգիտեմ, թե ինչպես է վերաբերվել: Ընկերություն անելուց հետո էդ թեման փակ է եղել, որովհետև ինձ նյարդայնացնում է: Կինս, ընտանիքս միշտ նայում են ֆիլմը, ինձ աստվածացնում են, որն ինձ դուր չի գալիս:

Այս տարի էլ դեկետմբերի 7-ին տուն գնացի ընդմիջման ու տեսա, որ հեռուստացույցով ֆիլմն են ցույց տալիս, իրենք էլ նստած նայում են: Ասացի. անջատեք, թե չէ գնում եմ գործի: Ես ֆիլմը նայել եմ ընդամենը չորս անգամ. մի անգամ «Մոսկվա» կինոթատրոնում, մի անգամ՝ «Նաիրի»-ում, մի անգամ՝ «Հոկտեմբեր»-ում, մի անգամ էլ թատրոնում, այն էլ հանգամանքների բերումով:

– Հեռուստացույցով չես նայե՞լ:

– Ոչ մի անգամ:

– Ինչո՞ւ:

– Ամաչում եմ, չեմ կարողանում նայել: Երևի չեմ հավանում, դրանից է:

– Ինչը՞ չես հավանում:

– Առհասարակ ինձ էկրանին չեմ հավանում: Էլի նախագծերի եմ մասնակցել, բայց չեմ նայել ոչ մեկը էկրանին: Ձայնս էլ ինձ դուր չի գալիս: Իմ այսօրվա մասնագիտությունն ինձ ավելի է դուր գալիս: «Ֆինկա» վարկային կազմակերպությունն էլ, որտեղ այսօր աշխատում եմ, շատ եմ սիրում: Թե կազմակերպությունն է շատ լավը, թե մարդիկ, անձնակազմը, ու ես ինձ շատ լավ եմ զգում: Արվեստից, իհարկե հեռու չեմ մնում: Պրեմիերաներին միշտ գնում եմ, նոր ֆիլմերը նայում եմ, եթե, իհարկե, գործիս չեն խանգարում:

– Մեր զրույցը հրապարակվելու է նոր տարում: Ինչպիսի՞ն կուզեիր տեսնել նոր տարին, Հայաստանը, Գյումրին…

– Կուզեի, որ Գյումրին «մոռանար» երկրաշարժը, կուզեի, որ ամեն մարդ Հայաստանում աշխատեր իր մասնագիտությամբ, զբաղվեր նրանով, ինչի համար ծնվել է, կուզեի մարդկանց համար աշխատանք լիներ, կենսամակարդակը բարձրանար: Կուզեի, որ մարդիկ վարկ չվերցնեն վարկ փակելու համար:

– Նոր մասնագիտականդ կողմնորոշմամբ ենք ավարտում մեր զրույցը:

– Այո: (Ծիծաղում է):

Ժորա Բաղդասարյանի հետ դուրս ենք գալիս սրճարանից: Երևանում անձրև է: Տարեմուտի անձրև, բայց՝ գարնանային ու մեղմ: Քայլում ենք ու շարունակում խոսել: Խոսել հայրենիքից, գյուղից, քաղաքից, իրական հայրենասիրությունից, հողի վրա ապրելուց, ընտանիքից, երազանքների Հայաստանից: Ու որքան էլ հասունացած, լրջախոհ, կյանքի որոշ ճանապարհ անցած, Գագիկից տասնինը տարի հեռացած, այնուամենայնիվ, նրա ձայնի ելևէջներում, նրա խոսքի երանգներում, նրա հարցադրումներում, նրա պատասխաններում գյումրեցի այն փոքրիկ տղան է՝ այն չարաճճի տղան, որին սիրել ենք անկեղծ, սիրել ենք կարեկցելով, բայց՝ չխղճալով, սիրել ենք անհանգստությամբ, բայց խաղաղ սիրով, որովհետև նա բարի էր ու արժանապատիվ, համառ էր ու պայքարող, հպարտ էր ու անպարտելի, համարձակ էր ու չնահանջող: Որովհետև նա սիրում էր կյանքը, սիրում էր մարդկանց, չարացած չէր ու չար չէր:

Մանրամասն` այստեղ

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար միևնույն է. Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն
Սյունիքում փեսան աներոջը հայտնաբերել է կախված
Մղձավանջային 8 օր Սերժ Սարգսյանի համար
ՎԻԴԵՈ. Ինչպես են «Արսենալի» երկրպագուները փորձում արտաբերել Հենրիխ Մխիթարյանի անունն ու ազգանունը
ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևանում. «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն»
ՖՈՏՈ. Մխիթարյանը` Արսենալի ֆուտբոլիստ
Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկվսեն եւ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը
Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը