Սկսվեց Արցախի խնդրի շրջադարձը

lragir.am-ը գրում է. «Պաշտպանության նախարարության օպերատիվ հավաքի ընթացքում Սերժ Սարգսյանը փաստացի պատասխանեց Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրական փուլերից հետո ինտենսիվ բանակցության մասին Բաքվի ակնկալիքներին, որի մասին խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը:

 Սերժ Սարգսյանն իր ելույթով գործնականում մերժեց Բաքվի ակնկալիքները, տողատակում արձանագրելով, որ բանակցությունը առավելագույնս կարող է լինել ինտենսիվ իմիտացիոն, եւ Բաքուն չի կարող ունենալ որեւէ առարկայական ակնկալիք, համենայն դեպս այն պատկերացումների շրջանակում, որ համարում է կարգավորման իր համար ընդունելի մոդել: Իսկ Բաքուն կարծես թե այդպիսի մոդել է համարում «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը:Մեծ հաշվով, Երեւանի դիրքորոշումն անակնկալ չէ, եւ Բաքվի դիրքորոշման համեմատ գործնականում անհեթեթ կլիներ Հայաստանի որեւէ այլ դիրքորոշում: Առավել կարեւոր է այն, թե Երեւանն ինչ պատկերացում ունի առավել երկարաժամկետ, ռազմավարական առումով:

Այդ տեսանկյունից հատկանշական է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որը դե ֆակտո կարող է դիտարկվել նաեւ արցախյան խնդրում Հայաստանի ռազմավարության արդիականացման ծրագիր, կամ դրա նախաբան:Բուն ծրագիրը հավանաբար կարտացոլվի արդեն ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որի վերանայման անհրաժեշտությունը Սերժ Սարգսյանն ազդարարել է մի քանի ամիս առաջ ԱԳՆ-ում ունեցած ելույթում:Երեւանն ըստ ամենայնի փորձում է անցում կատարել այն մոտեցմանը, որի վերաբերյալ հայտարարեց ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը, ասելով, թե կառավարության կազմավորումից հետո «բոլորով կնստեն» ու կմշակեն, թե ով է բանակցություն վարելու, ինչ ռազմավարությամբ, բայց բանակցության գնալ պետք է ամեն ինչ ուզելու սկզբունքով, որպեսզի Ադրբեջանն իմանա, որ Հայաստանը չի զիջելու, այլ պահանջելու է ամեն ինչ:Անվտանգության եւ կայունության պահպանման համար պահանջվում է Հայաստանի հենց այդ դիրքորոշումը: Ընդ որում, այստեղ փաստարկներն ամենեւին տեսական դաշտում չեն, այլ գործնական, արդեն կատարվածի, փաստի: Բանն այն է, որ մինչ այժմ կիրառված մոտեցումներն ու բանաձեւերը չեն բերել ոչինչի, Ադրբեջանի առավել ագրեսիվացումից բացի, որի գագաթնակետը եղավ 2016 թվականի ապրիլը:Գործնականում բոլորի համար պարզ դարձավ, որ կայունությունն ու անվտանգությունը պահանջում են մոտեցման սկզբունքային փոփոխություն: Հակառակ դեպքում, իրավիճակը վաղ թե ուշ դարձյալ բերելու է պայթյունի:Հենց այդ տրամաբանությամբ ձեւավորվեց Վիեննայի օրակարգը: Խոշոր հաշվով, զուտ միջնորդների մակարդակում մոտեցումների սկզբունքային փոփոխությունը բարդ գործընթաց է, քանի որ այստեղ առկա է շահերի բազմազան ու բազմաշերտ բախում: Այդ պայմաններում գուցե նույնիսկ փոխվել է շատ բան, քան հնարավոր է պատկերացնել: Մյուս կողմից, կա Հայաստանի աջակցության անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանն էլ ռազմավարության սկզբունքային վերանայման շնորհիվ նպաստի նոր իրավիճակ ստեղծելուն, այսինքն շարժվի միջնորդներին հանդիպակաց:Դա էլ Հայաստանի համար է բարդ, դարձյալ ելնելով միջնորդների մոտ առկա շահերի բազմաշերտ եւ բազմազան բնույթից: Բայց, այդ տեսանկյունից էլ Հայաստանը կարծես թե կայուն առաջ է շարժվում:

Այլ հարց է Հայաստանի ներքին կյանքում առաջընթացի այդ դրվագների որակական իմպլեմենտացիան: Այստեղ արդեն առաջանում է շահերի բախումը ներքին տնտեսա-քաղաքական սուբյեկտների միջեւ: Ընդ որում, այդ բախումը խորքային առումով իմպլեմենտացիան թույլ տալ-չտալու շուրջ չէ, այլ դրա գինը վճարելու: Բոլորն են հասկանում, որ առանց այդ իմպլեմենտացիայի այլեւս հնարավոր չէ սպասարկել ներքին եւ առավել եւս արտաքին, անվտանգային մարտահրավերները, կրել դրանց տնտեսական բեռը: Բայց ոչ ոք չի ուզում լինել դրա գինը վճարողը, եթե դրա դիմաց չի ստանում իրական եւ վճռորոշ իշխանական մասնաբաժին:Խորհրդարանական կառավարման մոդելով Սարգսյանը տալիս է այդ մասնաբաժինը հիմնական սեգմենտներին, միեւնույն ժամանակ նրանց դնելով բանակի առաջ պարտքի տակ: Այլ կերպ ասած, Սարգսյանը ստեղծում է վիճակ, երբ նրանք որակական իմպլեմենտացիայի գինը մասամբ դե յուրե, մասամբ դե ֆակտո վճարելու են բանակին, ոչ թե իրեն: Իսկ այս դեպքում կա հիմնարար առանձնահատկություն. երբ գինը վճարում են իրեն, դրա դիմաց պահանջում են համարժեք փոխհատուցում»:

Մանրամասները` այստեղ:

Latest

Սթիվեն Սիգալը կժամանի Հայաստան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության Զեյթունի բաժնի պատուհանից դեն են նետել Սերժ Սարգսյանի լուսանկարը
Սերժ Սարգսյանը բարկացել է. շաբաթ օրը տեղի կունենա առաջին հարսանիքը
ԳԱՂՏՆԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին
Գեներալ Մանվելն ու Սեյրան Սարոյանը մետրոյով են հասել Ազգային ժողով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարսելի հայերը Հայաստանի հյուպատոսությունից հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել
Սերժ Սարգսյանը «հիմնովին թարմացրել է» կառավարությունը
Սփյուռքը գումար է հավաքում. 1-ին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10.000 դոլար
ՎԻԴԵՈ. Մարսելի հայերը ներխուժել են ՀՀ Հյուպատոսություն, հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել